Սոցիալական աջակցության ծրագիր՝ Արցախի տեղահանված քաղաքացիներին

0
89

Ծրագրի շրջանակում 68 հազար դրամ է տրամադրվում բոլոր այն արցախցիներին, որոնք 2020 թվականի նոյեմբերի 16-ի դրությամբ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում կամ վերադարձել են Արցախ։

Գումարը տրամադրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի։

Բացի 68 հազար դրամից՝ շահառուին տրվում է լրացուցիչ ևս 15 հազար դրամ, եթե նա Հայաստանի Հանրապետությունում չունի անշարժ գույք (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերը)։

Եթե Արցախի քաղաքացին ՀՀ-ում ստանում է կենսաթոշակ կամ ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու նպաստ կամ Արցախում՝ կենսաթոշակ, ապա միանվագ դրամական աջակցությունը կկազմի նվազագույն աշխատավարձի և քաղաքացու՝ 2020 թվականի հոկտեմբեր ամսվա ստացած կենսաթոշակի կամ նպաստի դրական տարբերության չափով։

Սոցաջակցությունից կարող են օգտվել նաև հոկտեմբերին ՀՀ-ում աշխատավարձ չստացած արցախցիները․ շահառու չեն հանդիսանում միայն 2020 թվականի հոկտեմբերին Հայաստանում աշխատավարձ ստացած քաղաքացիները՝ նախկինում 2020թ․ հունվար-հոկտեմբեր ամիսների որևէ ժամանակահատվածում աշխատավարձ ստացած քաղաքացիների փոխարեն։

Հանվել է ՀՀ-ում անհատ ձեռներեց լինելու դեպքում շահառու չհանդիսանալու պահանջը։

Աջակցությունից չեն կարող օգտվել 18-ից մինչև 58 տարեկան արական սեռի ներկայացուցիչները՝ բացառությամբ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց:

Քաղաքացին պետք է դիմում ներկայացնի օոliոe.ssa.am կայքէջից մուտք գործելով համապատասխան ծրագրային միջավայր և նշելով իր անուն-ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, անչափահասի դեպքում՝ ծնողի տվյալներն ու նաև երեխայի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենը։

Հետադարձ կապի համար անհրաժեշտ է լրացնել նաև  էլեկտրոնային փոստի հասցեն և բջջային հեռախոսահամարը։

Եթե քաղաքացու դիմումը բավարարվում է, նրա տվյալները փոխացնվում են Հայփոստ, հաջորդող օրն էլ Սոցիալական ապահովության ծառայությունն այդ մասին հետադարձ կապի բջջային հեռախոսահամարով հաղորդագրությամբ տեղեկացնում է շահառուներին։

Նամակը ստանալուց հետո միայն քաղաքացին կարող է անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ Հայփոստ և ստանալ գումարը։ Դիմելու վերջնաժամկետը հունվարի 11-ն է։