Արցախի գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ծրագրերի դիմումներն արդեն ընդունվում են

0
77

Պատերազմի հետևանքով Հայաստանում գտնվող Արցախի գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ծրագրերի դիմումներն արդեն ընդունվում են։

«Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» ծրագրում շահառուն կարող է ընդգրկվել մեկ անգամ՝ 3 ամիս ժամկետով: Միջոցառման շրջանակում ամսական կտրվի 100,000 դրամ մաքուր աշխատավարձ, իսկ եկամտային հարկը և պարտադիր վճարների գումարը կփոխհատուցվի գործատուին։

Միևնույն ժամանակ, գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող մասնագետը ևս կվարձատրվի՝ ամսական 34,000 դրամի չափով:

Մյուս ծրագիրը «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպում»-ն է, որի  շրջանակում արցախցիները հնարավորություն ունեն ընդգրկվել համայնքներում իրականացվող վարձատրվող հասարակական աշխատանքներում և մեկ աշխատանքային օրվա համար ստանալ 8,000 դրամ՝ ներառյալ եկամտային հարկը և պարտադիր վճարները:

Նույն անձը չի կարող ընդգրկվել միաժամանակ մեկից ավելի վարձատրվող հասարակական աշխատանքներում։ Ծրագրի առավելագույն տևողությունը երեք ամիս է:

Ծրագրերին դիմել կարող են պատերազմի հետևանքով տեղահանված և Հայաստանում փաստացի գտնվող այն անձինք, որոնք հաշվառված են և մինչև 2020 թ․ սեպտեմբերի 27-ն առնվազն վերջին 3 ամիսը փաստացի բնակվել են Արցախի վերհսկողությունից դուրս մնացած համայնքներում։

Երկու ծրագրի դեպքում էլ անհրաժեշտ է առձեռն դիմում ներկայացնել Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոն կամ դիմել էլեկտրոնային եղանակով՝ www.employment.am կայքում լրացնելով համապատասխան դիմումը։