ԱՄՓՈՓՎԵՑ ԱՄՆ ՄԶԳ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ

0
73

ԱՄՆ ՄԶԳ Կենսաթոշակային և աշխատաշուկայի բարեփոխումների  ծրագիրը (ԿԱԲԾ) սեպտեմբերի 14-ին տեղի ունեցած <<Արժանապատիվ աշխատանք և համարժեք կենսաթոշակ>> համաժողովով ամփոփեց Ծրագրի եռամյա գործունեությունը և ներկայացրեց Հայաստանում իրականացվող կենսաթոշակային բարեփոխումների ընթացքը: Միջոցառմանը հրավիրված էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ ֆինանսների նախարարի  տեղակալ Վարդան Արամյանը,  ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը, Հայաստանում ԱՄՆ Դեսպան Ջոն Հեֆֆերնը և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Կարեն Հիլիարդը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ներկայացուցիչներ ՀՀ կենտրոնական բանկից և կենսաթոշակային բարեփոխումներին առնչվող տեղական և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, լրագրողներ:

Ողջունելով ծրագրի ղեկավարներին և հյուրերին` ՀՀ ԱՍՀ նախարար պարոն Ասատրյանը նշեց,- “Շնորհակալություն եմ հայտնում ԱՄՆ ՄԶԳ-ին ՀՀ կառավարության հետ շուրջ 20-ամյա համագործակցության համար: Մեր համատեղ իրականացրած ծրագրերը բխել են ՀՀ կառավարության առաջնահերթություններից, առնչվել են աշխատաշուկային, կենսաթոշակային բարեփոխումներին: Վստահ եմ, որ մեր շարունակական համագործակցությամբ կհասնենք մեր առջև դրված նպատակներին”: Պարոն Ասատրյանը հանգամանորեն ներկայացրեց կենսաթոշակային բարեփոխումների և ինտեգրված սոցիալական ծառայությունների ուղղությամբ կատարած աշխատանքները, կարևորելով այն փաստը, որ երկու դեպքում էլ շեշտը դրվում է կայացվող որոշումներին սուբյեկտիվ միջամտության բացառման վրա, կենսաթոշակային բարեփոխումների համատեքստում ընդգծեց արդարության և քաղաքացու ու պետության պարտականությունների տարանջատման  սկզբունքները:

Հիշեցնենք, որ ԱՄՆ ՄԶԳ ԿԱԲԾ-ի առաջնային նպատակն էր աջակցել Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների իրականացմանը, ամրապնդել ծերության տարիների եկամտի կառավարման համակարգը և բարձրացնել աշխատաշուկայի մրցունակությունը: 2009-2012թթ.-ին ԿԱԲԾ-ն աջակցել է ՀՀ կառավարությանը, անհատներին, տնային տնտեսություններին և համայնքներին առավել արդյունավետ կերպով կառավարել սոցիալական ռիսկերը, ինչպիսիք են ծերությունը, կերակրողին կորցրածների կացությունը, հաշմանդամությունը և գործազրկությունը: Ծրագիրը տեխնիկական աջակցություն է տրամադրել ՀՀ կառավարությանը բազմաստիճան կենսաթոշակային համակարգը կառուցելու գործում, որն ուժի մեջ է մտնելու 2014թ.-ի հունվարից: Նոր կենսաթոշակային համակարգը հնարավորության կընձեռի ՀՀ քաղաքացիներին երաշխավորել ֆինանսապես ապահով ծերություն` եկամտի աղբյուրների դիվերսիֆիկացման, այդ թվում` մասնավոր կենսաթոշակային ֆոնդերում խնայողություններ կատարելու միջոցով. մի հասկացություն, որը նոր է Հայաստանի համար: Ծրագիրն աջակցել է ՀՀ կառավարությանը աշխատաշուկայում ակտիվ ծրագրերի ներդրման գործում, ինչպիսիք են` աշխատանքի ակումբները և գործատուների խորհուրդները, մեծ ուշադրություն  հատկացնելով միջազգային տնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարմանը: ԿԱԲԾ-ն առանցքային դեր ունեցավ Երևանում երիտասարդների համար առաջին աշխատատեղերի տոնավաճառը կազմակերպելու գործում` մեծապես համագործակցելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և <<Զբաղվածության պետական ծառայություն>> գործակալության հետ: Տոնավաճառի նպատակն էր նպաստել երիտասարդության գործազրկության հաղթահարմանը,  հայ երիտասարդներին օգնել պոտենցիալ գործատուների հետ կապեր ստեղծելու և աշխատանք գտնելու արժեքավոր հմտություններ ձեռք բերելու գործում:

ԿԱԲԾ-ն շարունակեց նախորդ` ԱՄՆ ՄԶԳ Սոցիալական պաշտպանության համակարգերի հզորացման ծրագրի (2006-2009) և Սոցիալական անցման ծրագրի (2000-2005) նվաճումները: