«Գյումրու երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» և «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ների վերակազմակերպման արդյունքում ստեղծվել է «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն»-ը։
«Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում 2021 թվականից սոցիալական աջակցություն կստանան Շիրակի և հարակից մարզերի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 0-ից 18 տարեկան երեխաները՝ անհրաժեշտության դեպքում նաև խնամողի հետ՝ 24-ժամյա ռեժիմով։ Ճգնաժամային աջակցության կենտրոնի ծառայություններից կօգտվեն նաև դեռևս գործող «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ում խնամք ստացող երեխաները։
Կենտրոնը կիրականացնի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 0-ից 18 տարեկան երեխաների՝ առավելագույնը 6 ամիս ժամկետով շուրջօրյա խնամքն ու աջակցությունը, ինչպես նաև ցերեկային աջակցության ծառայություններ կտրամադրի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 2-ից 18 տարեկան երեխաներին առավելագույնը 1 տարի ժամկետով՝ ստեղծելով պայմաններ երեխաներին հասարակություն ներառելու, սոցիալ-մանկավարժահոգեբանական և առողջական խնդիրների լուծմանն օժանդակելու, կյանքի դժվարին իրավիճակը կանխարգելելու համար։
Հաստատությունում շուրջօրյա կարճաժամկետ խնամք կստանան կյանքի դժվարին իրավիճակում գտնվող 50 երեխա, իսկ ցերեկային ծառայություն՝ 100 երեխա։