Նախարար Մեսրոպ Առաքելյանն առցանց ձևաչափով աշխատանքային հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի` Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագրի թիմի ղեկավար Իվան Դրաբեկի, Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է միասնական սոցիալական ծառայությունների մատուցման կարևորության, նախապատրաստական փուլում գտնվող շենքերի շինաշխատանքների, կենտրոնների աշխատակիցների մասնագիտական վերապատրաստման և սոցիալական պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև ստեղծել միասնական տեղեկատվական համակարգ, որը միավորելու է ոլորտի բոլոր տեղեկատվական շտեմարանները՝ հեշտացնելով շահառուների ծառայություններից օգտվելու հնարավորությունը։
Համատեղ իրականացվող աշխատանքները գնահատելով արդյունավետ՝ կողմերը վերահաստատել են, որ ապրիլի 1-ից Միասնական սոցիալական ծառայության գործարկմամբ՝ տարիների համագործակցությունը նոր փուլ կմտնի։ Սա հնարավորություն կտա քաղաքացիներին մատուցել արագ և որակյալ ծառայություններ՝ ապահովելով նրանց կյանքի որակի բարելավումը։
Քննարկման ընթացքում ընդգծվել է Միասնական սոցիալական ծառայության ստեղծմամբ ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի կառուցվածքագործառութային վերափոխված մոդելի անհրաժեշտությունը, որը մեկ հարթակում կմիավորի սոցիալական պաշտպանության ոլորտի 4 մարմինները՝ սոցիալական ապահովության ծառայության, բժշկասոցիալական փորձաքննության, զբաղվածության պետական գրասենյակների և մարզային ենթակայության սոցիալական աջակցության գործակալություններն ու համայնքային ենթակայության սոցիալական աջակցության բաժինները։
Համաշխարհային Բանկի ներկայացուցիչները մանրամասնել են ծրագրի ընթացքն, այս պահին արձանագրված արդյունքները՝ նախանշելով անելիքները։
Իրականացվող ծրագրից զատ՝ նախարարը բարձր է գնահատել Համաշխարհային Բանկի կողմից համավարակի և հետպատերազմական շրջանում ցուցաբերած աջակցությունները։