Աջակցություն՝ գործազուրկ երիտասարդներին․ ծրագիրը շարունակվում է

0
98

Մասնագիտական որակավորմանը համապատասխան աշխատանքային փորձ ձեռք բերելու և աշխատաշուկայում մրցունակ դառնալու նպատակով՝ Զբաղվածության պետական գրասենյակը շարունակում է իրականացնել գործազուրկների աջակցման ծրագիր՝ ուղղված երիտասարդներին։

2020թ. ընթացքում ծրագրում ընդգրկվել է  շուրջ 400 անձ, 2021թ. տարեսկզբից մինչ օրս՝ շուրջ 50-ը:

3 ամիս տևող ծրագրին դիմել կարող են մասնագիտական կրթություն և որակավորում ստանալուց հետո առավելագույնը  5 տարվա ընթացքում:

Ծրագրի ընթացքում գործազուրկին վճարվում է աշխատավարձ` նվազագույն աշխատավարձի չափով, գործատուին՝ գումար՝ այդ աշխատավարձից բխող հարկային և այլ ծախսերը կատարելու համար, ինչպես նաև պրակտիկան կազմակերպող մասնագետին՝ ամսական գումար՝ նվազագույն աշխատավարձի 50%-ի չափով։

Ծրագրի արդյունքում հնարավորություն է տրվում ձեռք բերել նոր հմտություններ՝ համակարգչային ծրագրերի, հաշվապահի, դեղագետի, ատամնաբույժի, ուսուցչի, արվեստաբանի և այլ մասնագիտություններով։

Ծրագրից օգտվելու համար քաղաքացիները դիմել կարող են՝ այցելելով բնակության վայրը սպասարկող Զբաղվածության տարածքային կենտրոն։