Այսօր ԱԳՆ-ում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված արցախահայության առջև ծառացած հումանիտար և սոցիալ-տնտեսական խնդիրների հասցեագրման ուղղությամբ միջազգային գործընկերների ներգրավման նպատակով մարդասիրական կոչի ազդարարմանը։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
Ելույթում Մեսրոպ Առաքելյանը ցավով փաստել է, որ սոցիալական խնդիրների վերաբերյալ միջազգային հանրության արձագանքը համարժեք չի կարող համարվել այն աղետին, ինչի հետ բախվել են արցախցիները․ «Ժամանակակից աշխարհում նման փոքր տարածքում 1․5 ամիս տևած ռազմական ագրեսիան հանգեցրել է աղետալի հետևանքների, որն առաջին հերթին պատվով հաղթահարել են հենց արցախցիները՝ պատրաստակամություն հայտնելով օր առաջ վերադառնալ իրենց ծննդավայր»։
Նախարարը նշել է, որ այն իրողությունը, որ միջազգային օգնության շատ փոքր մասն է հասանելի տուն վերադարձած արցախցիներին, այլևս ընդունելի չէ, քանի որ այդ մարդիկ ունեն կենսական կարիքներ, որոնք պետք է հոգալ համատեղ ջանքերով:
Մեսրոպ Առաքելյանը կոչ է արել, որ միջազգային հումանիտար օգնությունը հասանելի լինի բոլոր արցախցիների համար՝ անկախ նրանց բնակության վայրից:
«Այսօր մենք կարիք ունենք շարունակելու աջակցությունն՝ Արցախում ապահովելով այդ անձանց կյանքի որակի բարձրացումը։ Անկախ քաղաքական նախասիրություններից և դիրքորոշումից, մեկ բան ակնհայտ է՝ արցախցիներն ապրում են իրենց ծննդավայրում, ապրում են իրենց հայրենիքում և շարունակելու են ապրել այնտեղ, և միջազգային հանրության աջակցության թիրախը պետք է լինի ոչ թե տարածքն, այլ մարդը՝ որպես բարձրագույն արժեք։ Հետևաբար, կոչ եմ անում՝ վերաիմաստավորել բոլորի առաքելությունը, ջանքերը ծառայեցնել մարդուն՝ հանուն խաղաղ և բարեկեցիկ կյանքի»,-նշել է նախարարը։