Կենսաապահովման կարիքները հոգալու, բուժման կամ առողջության վերականգնումը կազմակերպելու, բնակելի տարածքի վարձակալության գումարը փոխհատուցելու նպատակով՝ ի թիվս այլ օգնությունների, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մինչև 150,000 դրամ աջակցություն է տրամադրում ընտանիքում բռնության ենթարկված անձանց։
Ֆինանսական աջակցություն ստանալու համար ընտանիքում բռնության ենթարկված անձը պետք է գրավոր դիմում ներկայացնի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ նշելով՝
- դիմողի անունը, հայրանունը և ազգանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում),
- դիմողի բնակության վայրը, հեռախոսահամարը,
- դիմողի անձնագիրը կամ նույնականացման քարտը,
- ընտանիքում բռնության ենթարկված անձ հանդիսանալու փաստը հաստատող տեղեկություններ՝ ներկայացնելով նաև համապատասխան փաստաթղթերը,
- դիմողի բանկային հաշվի համարը և սպասարկող բանկի անվանումը, որին փոխանցվում է տրամադրվող գումարը,
- օրենքով սահմանված հատուկ կառույցների, ինչպես նաև սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների՝ ընտանիքում բռնության ենթարկված անձանց ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ գրավոր միջնորդությունը (դրա առկայության դեպքում),
- ՀՀ կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N 333-Ն որոշման N 2 հավելվածի հարցաթերթով ներկայացված հարցերի պատասխանները։
ՀՀ մարզերում և Երևան քաղաքում գործող աջակցության կենտրոններում ընտանիքում բռնության ենթարկված անձանց տրամադրվում է սոցիալ-հոգեբանական, իրավաբանական աջակցություն, տեղեկատվություն՝ իրենց իրավունքների, հասանելի ծառայությունների և օրենքով սահմանված պաշտպանության այլ միջոցներից օգտվելու կարգի վերաբերյալ, խորհրդատվություն՝ թեժ գծի միջոցով և օժանդակություն աշխատանքի տեղավորման հարցում (աջակցության կենտրոնների ցանկն ու թեծ գծի հեռախոսահամարներն այստեղ՝ https://old.mlsa.am/page_id=19928։