Նարեկ Մկրտչյանն ընդունել է ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հանձնաժողովում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» թեմայով զեկուցող Պոլ Գավանին

0
647

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պարտականությունները կատարող Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հանձնաժողովում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» թեմայով զեկուցող Պոլ Գավանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների արդյունքում տեղահանված, գերեվարված և անհայտ կորած անձանց առնչվող մի շարք հարցեր։

Նախարարի պաշտոնակատարը ներկայացրել է ԱՍՀՆ կողմից արցախցիների համար իրականացվող սոցիալական աջակցության շուրջ 20 միջոցառումները:

«Պատերազմի օրերին Հայաստանում հաստատվել էր ավելի քան 90,000 տեղահանված արցախցի, որոնց զգալի մասը հետ է վերադարձել։ Ապրիլ ամսվա տվյալներով՝ Հայաստանում գտնվում է Արցախից տեղահանված շուրջ 22,400 բնակիչ։ Հայաստանում հաստատված արցախցիներն, ովքեր ունեն ԱՍՀՆ հոգածության կարիքն օգտվում են անհրաժեշտ ծառայություններից։ «ՍՕՍ Մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամում կարճաժամկետ խնամքի են տեղավորվել Արցախի Հանրապետության գիշերօթիկ խնամքի հաստատություններից 34 երեխա: Նախարարության ենթակայության խնամքի շուրջօրյա հաստատություններում տեղավորվել է շուրջ 380 չափահաս անձ, շարունակում են խնամք ստանալ շուրջ 100-ը»,- նշել է Նարեկ Մկրտչյանը։  

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ բացի իրականացված սոցիալական աջակցության ծրագրերից՝ Արցախի Հանրապետության քաղաքացիներին, այդ թվում՝ երեխաներին, որոնք ռազմական դրության ժամանակ և դրա գործողության դադարեցումից հետո եռամսյա ժամանակահատվածում գտնվել են Հայաստանում, ըստ կարիքի՝ տրամադրվել են աջակցող միջոցներ՝ պարզեցված  ընթացակարգով:  2021 թ. մայիսի 5-ի դրությամբ 175 քաղաքացի ստացել է 346 աջակցող միջոց (այդ թվում՝ սայլակներ, պրոթեզներ, օրթեզներ, պրոթեզներ և այլն։

ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հանձնաժողովում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» թեմայով զեկուցող Պոլ Գավանը շնորհակալություն է հայտնել տրամադրված համապարփակ տեղեկատվության համար և նշել, որ հանդիպումն արդյունավետ կլինի զեկույցի պատրաստման աշխատանքներում։

«Մինչ այս պահը ես հնարավորություն չեմ ունեցել այցելել Արցախ։ Ինձ համար շատ կարևոր է այս հանդիպումը, քանի որ իմ զեկույցի մեծ մասը լինելու է տեղահանված անձանց մասին, ուստի կարևոր է հասկանալ, թե ինչպիսի վերաբերմունքի են նրանք արժանացել, ինչ օգնություն են ստացել և ինչ օժանդակության կարիք ունեն հիմա»,- ասել է Պոլ Գավանը։

Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում նախարարի տեղակալներ Աննա Ժամակոչյանը և Ռուբեն Սարգսյանն անդրադարձել են արցախահայության սոցիալական աջակցության ծրագրերի հասցեականությանը և այն դժվարություններին, որոնց հետպատերազմական շրջանում բախվել են արցախցիները։ Վերջիններս անդրադարձել են նաև միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությանը՝ նշելով, որ գործընկերների մեծամասնությունը օգնություն է տրամադրում բացառապես Հայաստանում հաստատված արցախցիներին։

Նախարարի տեղակալների խոսքով՝ Արցախից տեղահանված քաղաքացիների տեղավորման և կացարանների ընտրության հարցում նախարարությունն առանձնակի ուշադրություն է դարձրել կանանց և երեխաների, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց հատուկ կարիքներին։ Նրանք նշել են, որ դպրոցահասակ երեխաները տեղավորվել են դպրոցներին մոտ գտնվող կացարաններում, իսկ հաշմանդամություն կամ առողջական խնդիրներ ունեցող, ինչպես նաև վիրավորում ստացած անձինք և նրանց ընտանիքները՝ բժշկական հաստատություններին հարակից կացարաններում։

Հանդիպման ավարտին նախարարի պաշտոնակատարը հույս է հայտնել, որ նմանատիպ հանդիպումները կօգնեն արցախցիների խնդիրների անաչառ և օբյեկտիվ ներկայացմանը։