Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն՝ ԱՍՀՆ ՊՈԱԿ-ներում

0
107

ԱՍՀՆ ենթակայությամբ գործող՝ երեխաների խնամքի հաստատություններում այսօր երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ անցկացվել են մի շարք միջոցառումներ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն այցելել է որոշ ՊՈԱԿ-ներ, մասնակցել կազմակերպված նախաձեռնություններին։

«Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը» նախարարի տեղակալը զրուցել է երեխաների և հաստատության աշխատակիցների հետ, ծանոթացել Հայաստանում Ղազախստանի դեսպանատան հետ համատեղ բացված ցուցահանդեսում ներկայացված՝ մանկատան և Ղազախստանում գործող հատուկ տուն-ինտերնատների երեխաների ձեռագործ աշխատանքներին։

Շնորհավորելով երեխաներին՝ Տաթևիկ Ստեփանյանն ընդգծել է, որ նրանց իրավունքների պաշտպանության տոնը պետք է տարեկան 365 օր լինի՝ երեխաների իրավունքների իրացման համար առավել լայն հնարավորությունների ստեղծմամբ և խտրական դրսևորումների բացառմամբ․ «Մենք պարտավոր ենք երեխաների համար անհոգ, լուսավոր ու պայծառ մանկություն ապահովել, որովհետև նրանք են մեր վաղվա հենասյունը, ու այն ինչ այսօր կսերմանենք՝ կստանանք ապագայում։ Մեզ համար շատ կարևոր է նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքը և նրանց ապագան, ճիշտ աջակցության տրամադրումը, երեխաների ընտանիքում մեծանալը։ Մեր ջանքերը պետք է ուղղված լինեն հենց նման նպատակների իրագործմանը»,- նշել է Տաթևիկ Ստեփանյանը։

Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը ևս կարևորել է երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված արդյունավետ միջոցառումների իրականացումն՝ այս համատեքստում հատկապես շեշտելով հաշմանդամություն ունեցող փոքրիկների իրավունքների պաշտպանության կարևորությունը․ «Հաշմանդամություն ունեցող շատ երեխաներ այսօր շարունակում են ապրել աղքատության մեջ, ենթարկվում են բռնության։ Հասարակությունը պարտավոր է ապահովել նրանց իրավունքների լիարժեք իրացումը։ Պետք է պարտավորվենք միասին հաղթահարել այն խոչընդոտներն ու դժվարությունները, որոնց այսօր բախվում են մեր փոքրիկները»,- նշել է դեսպանը։

Տաթևիկ Ստեփանյանը ներկա է գտնվել նաև «Երևան իմ սեր» հիմնադրամի կողմից կազմակերպված միջոցառմանը, որին մասնակցել են նաև «Զատիկ» աջակցության կենտրոնի երեխաները։ Մի շարք հաստատությունների շահառու փոքրիկներ լսել են կենդանի երաժշտություն, կավից ձեռքի աշխատանքներ են պատրաստել, դիտել են «Զատիկ» աջակցության կենտրոնի սաների կողմից պատրաստած բեմադրությունը։