Համատեղ հետազոտական նախագծերի իրականացում, գիտաժողովների ու դասընթացների կազմակերպում, ինչպես նաև առանձին նախագծերի ու միջոցառումների իրականացման նպատակով՝ աշխատանքային խմբերի ստեղծում․ հունիսի 4-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի և Հայաստանի Ամերիկյան համալսարանի միջև համագործակցության հուշագիր է կնքվել։
Նախարարությունն ու Հայաստանի Ամերիկյան համալսարանի Զաւեն և Սոնիա Ագեան Բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետն այսպիսով պատրաստակամություն են հայտնել իրականացնել տվյալների վերլուծության նորարարական մոդելների կիրառման փորձի ու գիտելիքի փոխանակում, անցկացնել փորձագիտական հանդիպումներ և խորհրդակցություններ։
««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանի խոսքով՝ այս համագործակցությունը սոցիալական ոլորտի համար ունի բացառիկ նշանակություն, քանի որ հիմք է դրվում գիտական ներուժի, գործնական գիտելիքի ու փորձի համակցման համար։
«Մենք կարևորում ենք նորարարական լուծումների համատեղ ստեղծման հնարավորությունները, և այս համագործակցությունը կարող ենք լավագույնս ծառայեցնել գիտելիքահեն, ճշգրիտ ու նորարարական լուծումների ստեղծմանը, որոնք էական նշանակություն կունենան ավելի հասցեական ու արդյունավետ քաղաքականությունների մշակման համար»,- ընդգծել է հիմնադրամի գործադիր տնօրենը։