Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանն այսօր հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչության (ECHO) Կիևի տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Սեվչիկի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Կառավարության կողմից արցախահայերին տրամադրվող դրամական աջակցության ծրագրերին` ECHO-ի միանալու ընթացքը, կազմակերպության՝ դրամաշնորհային ծրագրերի հիմնական ուղղություններն ու համագործակցության բովանդակային և տեխնիկական բաղադրիչները։
Աննա Ժամակոչյանը ներկայացրել է արցախցիներին սոցաջակցության միջոցառումները, հետպատերազմական ժամանակահատվածում նրանց համար սահմանված առաջնահերթությունները, մասնավորապես՝ վերականգնման և զարգացման ծրագրերը՝ շնորհակալություն հայտնելով նաև ECHO-ին՝ պատերազմի հետևանքների մեղմացմանն ուղղված աշխատանքներում արագ արձագանքի և տրամադրված հումանիտար աջակցության համար։
Համակարծիք լինելով նախարարության կողմից սոցիալական պաշտպանության ոլորտում սահմանված առաջնահերթություններին և արցախահայությանն ուղղված հետագա ծրագրերի իրականացմանը՝ Դավիթ Սեվչիկն անդրադարձել է Հայաստանում առաջիկայում նոր դրամաշնորհի տրամադրմանը, որի ուղղությունները սահմանելիս հաշվի կառնվեն նաև նախարարության կողմից սահմանված առաջնահերթությունները։
Սեվչիկի խոսքով՝ Դիլիջան, Իջևան, Գորիս այցերի ընթացքում հանդիպել է տեղում ժամանակավորապես բնակվող Արցախից տեղահանված ընտանիքներին, ծանոթացել նրանց խնդիրներին և վստահություն հայտնել, որ ԱՍՀՆ հետ համագործակցությամբ կարվի ամենը՝ առկա խնդիրներին հասցեական լուծումներ տալու համար։
Հանդիպման ընթացքում Աննա Ժամակոչյանը կարևորել է նաև Միասնական սոցիալական ծառայության կայացման գործում դոնոր գործընկերների աջակցությունը՝ սոցիալական ծառայությունները արդյունավետ և որակյալ մատուցելու հարցում։