Ինչպե՞ս է հաշվարկվում խնամատար ընտանիքներին տրվող ամսական վարձատրության չափը

0
99

Պետությունը շարունակում է աջակցություն տրամադրել այն խնամատար ընտանիքներին, որոնց հոգածության ներքո խնամք և դաստիարակություն են ստանում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաները։

Ընդհանուր խնամատար ընտանիքներում խնամք ստացող յուրաքանչյուր երեխայի խնամքի դիմաց տրվող ամսական վարձատրությունը կազմվում է նվազագույն ամսական աշխատավարձի չափով (տրամադրվում է նաև երեխայի խնամքի և դաստիարակության համար նախատեսված միջոցներ)։ 

Մասնագիտացված խնամատար ընտանիքում խնամվող հաշմանդամություն կամ ծանր առողջական խնդիրներ, դաստիարակության դժվարություններ, հոգեկան առողջության կամ վարքի խանգարման խնդիրներ ունեցող, հոգեկան տրավմայի ենթարկված յուրաքանչյուր երեխայի խնամքի և դաստիարակության դիմաց ամսական տրամադրվում է նվազագույն ամսական աշխատավարձի և 30 տոկոս հավելավճարի չափով գումար (տրամադրվում է նաև երեխայի խնամքի և դաստիարակության համար նախատեսված միջոցներ)։ 

Երեխային խնամելու և դաստիարակելու համար կնքված քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակում մատուցվող ծառայությունների դիմաց եկամուտ ստանալու ժամանակահատվածը հաշվարկվում է որպես աշխատանքային ստաժ:

Խնամատար ծնող հաշվառվելու նպատակով՝ Հայաստանում մշտապես բնակվող չափահաս քաղաքացիներն անձամբ կամ ներկայացուցչի միջոցով կարող են դիմել իրենց բնակության վայրի մարզպետարան (Երևանում՝ Երևանի քաղաքապետարան)․ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո կիրականացվի համապատասխան գործընթացը։