Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալներ Ռուբեն Սարգսյանն ու Աննա Ժամակոչյանն այսօր մարզային այցերի շրջանակում երկրորդ հանդիպումն են ունեցել Արմավիրի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների և Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի աշխատակիցների հետ։
Հանդիպման ընթացքում նախարարության պատասխանատուները ներկայացրել են պետության կողմից իրականացվող զբաղվածության ծրագրերը՝ դրանք դիտարկելով աշխատաշուկայում անմրցունակ և գործազուրկ անձանց աշխատանք գտնելու հնարավորություն։
Մասնակիցները տեղեկացվել են ծրագրերի մանրամասների՝ շահառուների շրջանակի, առաջնահերթությունների, աջակցության չափերի, դիմելու ընթացակարգերի և այլնի մասին։
Ներկայացվել է նաև «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագիրը, որի նպատակը ևս համայնքի բնակչի ինքնազբաղվածության և ինքնաբավության խթան հանդիսանալն է։
Նախարարի տեղակալները կարևորել են համայնք-պետական մարմիններ ակտիվ համագործակցությունը և հանդիպումների շարունակականությունը, քանի որ իրականացվող բոլոր միջոցառումների նպատակը համայնքներում ապրող ընտանիքների բարեկեցության և զբաղվածության ապահովումն է։
Հանդիպումից հետո նախարարության ներկայացուցիչները այցելել են նաև ՄՍԾ Արմավիրի տարածքային կենտրոն, ծանոթացել աշխատանքային պայմաններին, աշխատակիցների հետ քննարկել առաջիկա անելիքներն ու մատուցվող ծառայությունների որակի բարելավմանն ուղղված քայլերը։