Ծրագրի մանրամասները քննարկելու համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ամերիկահայ գործարար Արմեն Արսլանյանին, սոցիալական ձեռներեցների դպրոցի հիմնադիր Գոհար Մկոյանին, Գավառի Պետական Համալսարանի Յունուս Սոցիալական Բիզնեսի կենտրոնի համակարգող Աստղիկ Հովեյանին:Նախարարը և Արմեն Արսլանյանը պայմանավորվել են Արցախի պետական համալսարանում հիմնել սոցիալական բիզնեսի կենտրոն: Նախատեսվում է Արցախում օգոստոսին անցկացնել նաև մեկշաբաթյա ծրագիր՝ արցախցիներին սոցիալական ձեռներեցության հմտությունների, բիզնես հիմնելու և զարգացնելու վերաբերյալ գիտելիքներ փոխանցելու նպատակով։
Նախարարի խոսքով՝ քաղաքացիների սոցիալական խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է նոր մոտեցում․ բիզնեսի հիմնումը, սեփական կայուն եկամուտը էականորեն կբարելավեն արցախցիների կյանքի որակը։ Նախարարը հյուրերին ներկայացրել է Կառավարության կողմից արցախահայերի համար իրականացված սոցիալական աջակցության և զբաղվածության ծրագրերը՝ միաժամանակ շեշտելով, որ նմանատիպ միջոցառումների իրագործման հարցում կարևոր է նաև սփյուռքի մասնակցությունը։
Արմեն Արսլանյանն, ով պատրաստակամություն է հայտնել աջակցելու միջացման կայացմանը, նշել է, որ մեծ ցանկություն ունի օգտակար լինել թե՛ Արցախում, թե Հայաստանում ․«Սփյուռքի յուրաքանչյուր ներկայացուցչի համար մեծ պատիվ է ներդրում ունենալ Հայաստանի և Արցախի շենացման ու հզորացման գործում։ Պետությանը փոքր քայլերով աջակցելու միջոցով կարող ենք դրական տեղաշարժ գրանցել»,-նշել է գործարարը։
Ներկաները քննարկել են ծրագրի շրջանակում մասնակիցների ընտրությանն մեխանիզմները, նախատեսվող առաջնահերթություններն ու այլ մանրամասներ։ Պայմանավորվածություն է ձեռքբերվել ծրագիրը համարել նոր համագործակցության սկիզբ և նախանշել նաև երկարաժամկետ համագործակցության շրջանակում այլ ծրագրերի իրականացման հնարավորությունները։