Նարեկ Մկրտչյանն ընդունել է ԵՄ «SOCIEUX+» բաղադրիչի փորձագետներին

0
85

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ԵՄ SOCIEUX+ բաղադրիչի փորձագետներ Ստատիս Տրայանտաֆիլոուին և Սոֆյա Կուկուվինուին։

Նարեկ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ գործընկերներին՝ SOCIEUX + բաղադրիչի շրջանակում հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների հարցում Հայաստանին փորձագիտական աջակցություն ցուցաբերելու համար։

Նախարարն ընդգծել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված ՀՀ օրենքների և միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների պատշաճ իրականացման կարևորությունն՝ այս համատեքստում բարեփոխումների շարժիչ ուժ որակելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին», «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» և այլ հարակից օրենքների փաթեթի ընդունումը։

«Նախարարության առաջնահերթություններից է հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ապահովումը՝ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում։ Մենք կարևորում ենք նաև արդյունավետ քայլերի ձեռնարկումը վերջիններիս նկատմամբ խտրական դրսևորումների վերացման և գնահատված կարիքին համապատասխան ծառայությունների հասցեական մատուցման ուղղությամբ»,- նշել է նախարարը։

Ստատիս Տրայանտաֆիլոուն անդրադարձել է SOCIEUX+ բաղադրիչի շրջանակում իրականացված աշխատանքներին՝ ընդգծելով հաշմանդամություն ունեցող անձանց՝ գնահատված կարիքին համապատասխան ծառայությունների տրամադրման, մասնագետների վերապատրաստման, մոնիթորինգի և գնահատման արդյունավետ մեխանիզմների կարևորությունը։

«Ծրագրի առաջին փուլում ուսումնասիրվել են հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների իրավական հիմքերը, միջազգային և ներպետական իրավական ակտերը, ինչպես նաև առցանց ձևաչափով հանդիպումներ են կազմակերպվել հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացնող ու վերջիններիս ծառայություն մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Այս այցի ընթացքում նույնպես պլանավորվում են նմանատիպ հանդիպումներ հարբժշկական ծառայությունների ոլորտն ավելի համապարփակ դիտարկելու ուղղությամբ»,- նշել է Ստատիս Տրայանտաֆիլոուն։

«SOCIEUX» բաղադրիչի փորձագետը հույս է հայտնել, որ ծրագրի շրջանակում համատեղ աշխատանքները կշարունակեն նույնքան սահուն ընթացք ունենալ։

Նշենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է աշխատանքներ  իրականացնել  հաշմանդամության գնահատման համակարգի վերանայման և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների վրա հիմնված  նոր մոդելի ներդրման ուղղությամբ։

Հաշմանդամության գնահատման նոր մոդելով  նախատեսվում է իրականացնել անձի կարողությունների և կարիքների բազմակողմանի գնահատում առավել հստակ ու օբյեկտիվ չափորոշիչներով, ինչպես նաև տրամադրել վերականգնողական ծառայություններ գնահատված կարիքին համապատասխան։

Մոդելի ներդրման ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են ՄԱԿ-ի գրասենյակների և ԵՄ աջակցությամբ՝  SocieuX+ գործիքով։ Համագործակցության շրջանակներում մշակվել են անձի ֆունկցիոնալության գնահատման գործիքները՝ անձի ֆունկցիոնալության գնահատման արձանագրություններն ըստ տարբեր ախտաբանական վիճակների (տեսողության, լսողության, հենաշարժական, մտավոր, հոգեկան և խրոնիական խնդիրի դեպքում կրառվող), իսկ մինչև 18 տարեկան երեխաների համար՝  նաև ըստ առանձին տարիքային խմբերի։

Մշակման փուլում են նաև անձի ֆունկցիոնալության գնահատման էլեկտրոնային ալգորիթմը և գնահատման մեթոդական ուղեցույցները։ Բացի անձի ֆունկցիոնալության գնահատման արձանագրություններից, մշակվել է նաև անձի ինքնագնահատման թերթիկի նախնական տարբերակը, որը լրացնում է գնահատման նպատակով դիմում ներկայացրած անձը։

Ազգային Ժողովի կողմից սույն թվականի մայիսի 5-ին ընդունվել է «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքը, որի համաձայն մեկ տարվա ընթացքում անցում կկատարվի բժշկասոցիալական փորձաքննության համակարգից անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգին։ Ներկայումս մշակման փուլում են գտնվում նաև ենթաօրենսդրական ակտերը։