Խնամքի ի՞նչ ծառայություններ են տրամադրվում 65 տարեկանը լրացած տարեց և 18 տարեկանը լրացած հաշմանդամություն ունեցող անձանց

0
102

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է խնամքի ծառայություններ մատուցել ինչպես նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատությունների, այնպես էլ ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների միջոցով:    

Ծառայությունները տրամադրվում են դրա կարիքն ունեցող 65 տարեկանը լրացած տարեց և 18 տարեկանը լրացած հաշմանդամություն ունեցող անձանց՝ գնահատված անհատական սոցիալական կարիքի հիման վրա։

Խնամքի ծառայություններ տրամադրելու նպատակով՝ 2021 թվականին դրամաշնորհի տրամադրման պայմանագիր է կնքվել ոլորտում գործող 10 հասարակական կազմակերպության հետ։  

Տարեցներին տրամադրվող խնամքի ծառայությունները ներառում են՝

  •  շուրջօրյա խնամք՝ բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի և հատուկ հաստատություններում (տուն-ինտերնատներ, խնամքի կենտրոններ),
  • ցերեկային խնամք՝ սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում (ավելի քան 20 կենտրոն),
  •  տնային խնամք՝ տնային պայմաններում սոցիալական սպասարկման ու խնամքի ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջոցով՝ հանրապետության բոլոր մարզերում և Երևանում։
  • ժամանակավոր կացարանի տրամադրում՝ անօթևան մարդկանց ժամանակավոր կացարանի միջոցով՝ Երևան քաղաքում,
  •  կացարանով ապահովում՝ սոցիալական տների միջոցով՝ Երևանում և Մարալիկում (ներառյալ՝ հատուկ խմբերին դասված որոշակի կատեգորիայի անձանց համար նախատեսված կացարան):

Տուն-ինտերնատներում խնամվող անձանց տրամադրվում է խնամք, առաջնային բժշկական օգնություն և սպասարկում, սոցիալ-հոգեբանական օգնություն, իրավական խորհրդատվություն, պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ և այլն։ Տարեցներն ապահովվում են սննդով, հագուստով, անհրաժեշտ կահույքով, անձնական հիգիենայի պարագաներով և այլն։  

Տնային պայմաններում խնամքը տրամադրվում է դրա կարիքն ունեցող տարեց,  աշխատանք չունեցող (բացառությամբ տնային պայմաններում աշխատող) անձանց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց՝ անհատական սոցիալական ծրագրի հիման վրա։ Ծառայությունը ներառում է կենցաղային սպասարկում, բժշկական, սոցիալ-հոգեբանական և խորհրդատվական օգնություն։

Սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնում տարեցներին տրամադրվում է սոցիալ-հոգեբանական և վերականգնողական օգնություն, սնունդ, կազմակերպվում է նրանց մշակութային ժամանցը և այլն։

Ժամանակավոր կացարանում և սոցիալական ֆոնդի կացարաններում շահառուններն ապահովվում են կացարանով, կենսական անհրաժեշտության իրերով, ինչպես նաև կազմակերպվում է նրանց բժշկական օգնության ու սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրումը։

Խնամքի ծառայություններ ստանալու համար տարեցը կամ նրա օրինական ներկայացուցիչը կարող է դիմել Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) տարածքային կենտրոն՝ ներկայացնելով անձը և կարգավիճակը հաստատող փաստաթղթեր, բժշկական քարտ։ Անհատական սոցիալական կարիքների գնահատումից և խնամքի տրամադրման դրական եզրակացությունն ստանալուց հետո քաղաքացին կուղեգրվի համապատասխան կազմակերպություն։