Նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն ընդունել է «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի ներկայացուցչին

0
69

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն ընդունեց «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի տարածաշրջանային համակարգող Ֆելիքս Հեթին։ Հանդիպման նպատակն էր նախանշել աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության հնարավորությունները։

Նախարարի տեղակալը գործընկերոջը ներկայացրեց ոլորտում իրականացվող փոփոխությունները մասնավորապես՝ Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները, «Կամավորության մասին» ՀՀ օրենքի  և աշխատանքային վեճերի լուծման արտադատական համակարգի ներդրման մոդելը, անդրադարձավ նաև «Արհեստակցական միությունների մասին» և «Գործատուների միությունների մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների նախագծերի մշակմանը։

«Սոցիալական գործընկերության, աշխատանքային իրավունքների վերանայման, արհմիությունների և գործատուների իրավասությունների նոր ձևակերպումների գործընթացում փորձի փոխանակման ուղղությամբ Ձեր կողմից փուլային և համակարգված օժանդակությունը կնպաստի այդ ոլորտներում դրական տեղաշարժին»,-նշեց նախարարի տեղակալը։

Մեծ աշխատանք է իրականացվում զբաղվածության ոլորտի ռազմավարության, միասնական սոցիալական ծառայության զբաղվածության ծրագրերի նորացման և արդիականացման, մատուցվող ծառայությունների որակի  բարելավման և որակյալ աշխատակիցների վերապատրաստման գործում։

Քննարկման ընթացքում առանձնահատուկ ընդգծվեց մասնագիտական կողմնորոշման ոլորտի կայացմանն ուղղված աշխատանքների կարևորությունը, ինչը միտված է գործազրկության կանխարգելմանը։

Ֆելիքս Հեթն իր հերթին ամփոփ ներկայացրեց տարածաշրջանի երկրներում ունեցած հիմնադրամի գործունեությունը՝ հայտնելով, որ պատրաստ են աջակցել և իրենց աշխատանքային արդյունավետ փորձը կիրառել նաև Հայաստանում։