Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հետ այսօր այցելել է Հացիկ համայնք, ներկա գտնվել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ֆինանսավորմամբ՝ Երեխայի և ընտանիքի ծառայությունների կենտրոնի (ԵԸԾ) բացմանը:
ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանի ուղեկցությամբ՝ նախարարը և մարզպետը շրջել են կենտրոնում, ծանոթացել իրականացված աշխատանքներին ու նախատեսվող ծառայություններին։
Նարեկ Մկրտչյանը ողջունել է Հացիկում նման կենտրոն հիմնելու նախաձեռնությունը, հաջող ընթացք մաղթել կենտրոնի գործունեությանն ու նշել, որ նախարարությունը մեծ տեղ է հատկացնում համայնքահեն ծառայությունների միջոցով սոցիալական խնդիրներին լուծում տալու մոտեցմանը։ Նախարարի խոսքով՝ հանրապետության տարբեր համայնքներում նման կենտրոնների առկայությունն ու սոցիալական աշխատողների հետ համագործակցությունն էականորեն կբարելավեն նմանօրինակ ծառայությունների կարիք ունեցող շահառուների կյանքի որակը։
Անդրադառնալով մարզպետարան-հիմնադրամ-համայնքապետարան եռակողմ հուշագրի ստորագրմամբ Հացիկ համայնքում հանրապետությունում 1-ին ԵԸԾ կենտրոնի բացմանը՝ մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այն համարել է շարունակվող արդյունավետ համագործակցության խոսուն ապացույց: