Արարատի մարզում ներկայացվել են զբաղվածության պետական ծրագրերը

0
103

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն ու աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը մարզային այցերի շրջանակում հանդիպել են Արարատի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների և Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի աշխատողների հետ՝ ներկայացնելու զբաղվածության ոլորտում իրականացվող ծրագրերն ու քաղաքականությունը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը։

Ծրագրերի մանրամասների՝ շահառուների շրջանակի, առաջնահերթությունների, աջակցության չափերի, աշխատանքային պայմանների, դիմելու ընթացակարգերի մասին խոսել է Ժորա Սարգսյանը՝ կարևորելով իրազեկ լինելու և պետության կողմից տրամադրվող աջակցության միջոցով աշխատանք գտնելու հնարավորությունը։ Վերջինս ներկայացրել է նաև նոր ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք համայնք-պետություն համագործակցության արդյունքում հնարավորություն են տալու աշխատանք փնտրող և աշխատաշուկայում անմրցուանկ և գործազուրկ անձանց վերապատրաստվել, ունենալ նոր մասնագիտություն և աշխատանք։

Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը ներկաներին ծանոթացրել է նախարարության կողմից իրականացվող զբաղվածության ապահովման այլ ծրագրերի․ մասնավորապես նշել է, որ Ֆրանսիա Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակում աշխատանք փնտրող անձինք կարող են ուղիղ կապ հաստատել խոշոր ընկերությունների հետ և համալրել թափուր աշխատատեղերը։

Անդրադարձ է կատարվել նաև ԵԱՏՄ երկրների շրջանակում գործող «Աշխատանք առանց սահմանների» էլեկտրոնային հարթակին, որը քաղաքացիների համար աշխատանքի որոնման, ինչպես նաև գործատուների համար թափուր աշխատատեղերի համալրման հնարավորություն է:

Նախարարության պատասխանատուները ևս մեկ անգամ կարևորել են  համայնք-պետական մարմիններ ակտիվ համագործակցությունն ու հանդիպումների շարունակականությունը, տեղեկանալու գործող ծրագրերից և ապահովելու համայնքներում ապրող ընտանիքների բարեկեցությունն ու զբաղվածությունը։