Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) բակում այսօր կազմակերպվել է Աշխատանքի տոնավաճառ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու ՀՊՏՀ համատեղ ջանքերով․ միջոցառմանը մասնակցել է աշխատանք փնտրող շուրջ 4,000 քաղաքացի, որոնք հնարավորություն են ունեցել ծանոթանալ 50-ից ավելի գործատուների աշխատանքի առաջարկներին (բանկեր, ապահովագրական ընկերություններ, վարկային, կրթական, հաշվապահական և աուդիտորական, հեռահաղորդակցության և այլ ոլորտներ ներկայացնող կազմակերպություններ)։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն իր ելույթում կարևորել է նմանօրինակ միջոցառումների կազմակերպումը, որոնք հնարավորություն են տալիս միևնույն հարթակում համախմբել գործատուներին, աշխատանք փնտրող անձանց, ինչպես նաև համալսարաններին ու միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին։
«Աշխատաշուկան պետք է մեծապես նպաստի գործատուի և աշխատելու ցանկություն ունեցող մարդկանց հանդիպմանը։ Կառավարության համար նմանատիպ միջոցառումների անցկացումը խիստ էական նշանակություն ունի։ Լիահույս եմ, որ այս նախաձեռնությունը կծառայի իր նպատակին և ուզում եմ շեշտել, որ նախարարության կողմից նման տոնավաճառների իրականացումը կունենա շարունակական բնույթ»,- նշել է նախարարը։
ԿԳՄՍՆ փոխնախարար Կարեն Թռչունյանն ընդգծել է միջոցառումների կարևորությունը հատկապես ուսանողների համար՝ հավելելով, որ դրանք պետք է լինեն ամենամյա, ավելի ընդգրկուն և ուսանողներին լայն հնարավորություններ տալ․ «Հանդիպումներն ու մասնավոր զրույցները, որոնց հնարավորությունը տալիս է աշխատանքի տոնավաճառը, խթանող ազդեցություն ունեն ուսանողության համար՝ գործատուների հետ շփվելու և հասկանալու, թե ինչ գիտելիքներ ու հմտություններ են անհրաժեշտ իրենց՝ լավ աշխատանք ունենալու համար»։
Ողջունելով տոնավաճառի մասնակիցներին և շնորհակալություն հայտնելով գործատու գործընկերներին՝ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը ևս նշել է, որ Տնտեսագիտական համալսարանը խիստ կարևորում է գործատուների հետ սերտ համագործակցությունը, նրանց կարիքների վերհանումն ու դրան համապատասխան՝ կրթական ծրագրերում փոփոխությունների իրականացումը․ «Մեզ համար կարևոր է ի սկզբանե կրթել ուսանողների, որոնք օժտված կլինեն այնպիսի կարողություններով ու հմտություններով, որոնք այսօր անհրաժեշտ են աշխատաշուկային։ Հուսով եմ, որ Աշխատանքի տոնավաճառը մեր ուսանողներին և միջոցառման մյուս մասնակիցներին հնարավորություն կտա ապահովվելու աշխատանքով, քանի որ վստահ եմ՝ կա աշխատանք, և դրա համար անհրաժեշտ են որակյալ կրթություն և համապատասխան հմտություններ»։
Ներկաները շրջել են տաղավարներում, զրուցել գործատուների և աշխատանք փնտրողների հետ։ Գործատուները, աշխատուժի պահանջը լրացնելու նպատակով, ներկայացրել են թափուր հաստիքների և դրանց համալրման վերաբերյալ տեղեկություններ։