Այս տարի Աղջիկ երեխայի միջազգային օրը նշվեց Վայոց Ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ բնակավայրում

0
69

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարությունը, Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, Վայոց ձորի մարզային, Արենի համայնքի և Խաչիկ բնակավայրի տեղական ինքնակառավարման մարմինները, Խաչիկի բնակիչների հետ միասին, մի շարք միջոցառումներով, նշեցին Աղջիկ երեխայի միջազգային օրը։

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, որը վարում էր միջոցառումը, իր երախտագիտությունը հայտնեց բոլոր ներկաներին և հատկապես գործընկերներին՝ այս կարևոր օրը միասին Խաչիկում նշելու համար։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը բացման խոսքում նշեց. «Այսօր աղջիկները կոտրում են կարծրատիպեր, հաղթահարում բազում խնդիրներ՝ հանդես գալով որպես առաջնորդներ և նորարարներ: Այո, յուրաքանչյուրս մեր հերթին պետք է ստեղծենք էլ ավելի շատ հնարավորություններ, որպեսզի աղջիկների ձայնը լինի առավել քան լսելի որոշումների կայացման գործընթացում՝ կարևորելով նաև իրենց մասնակցությունը հասարակական կյանքի ամենատարբեր՝ մշակույթի, սպորտի, տնտեսության, ինչպես նաև քաղաքականության ոլորտներում»։

Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան, Ն.Գ. տկն. Անդրեա Վիկտորինը, դիմելով աղջիկներին, ասաց. «Դուք եք նոր սերունդը… Մի օր դուք ընտանիք կկազմեք, մայր կդառնաք… ես ցանկանում եմ տեսնել, որ դուք ունեք նույն հնարավորությունները, ինչ տղաները, որ մեծանում եք երջանիկ և տարածում այն գաղափարը, որ կանայք կարևոր են, և մենք կարող ենք, տղամարդկանց հետ միասին, կառուցել մեր ապագան։ Ձեզ հիանալի օր եմ մաղթում։ Դուք ներկայացնում եք Հայաստանի բոլոր աղջիկներին, իսկ միասին մենք ուժեղ ենք»։

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը խոսեց աղջիկներին սատար կանգնելու կարևորության մասին. «Այս օրն այն մասին է, որ պետք է ապահովել, որ աղջիկները և կանայք լիովին իրացնեն իրենց իրավունքները, իրենց ներուժը, որից կշահեն բոլորը՝ թե՛ տղաները, թե՛ աղջիկները»։ ՄԱԿ-ի մշտական համակարգողը նշեց, որ Հայաստանը լուրջ ձեռքբերումներ ունի այստեղ, օրինակ՝ ՏՏ ոլորտում կանանց և աղջիկների մասնակցությունը, Ազգային Ժողովում կանանց ներկայացվածությունը ավելի բարձր են, քան աշխարհի միջինը։ Սակայն անելիքներ դեռ շատ կան։

Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, սրտանց շնորհավորեց ներկաներին այս կարևոր տոնի կապակցությամբ։ «Անհրաժեշտ է առավել բարենպաստ պայմաններ ստեղծել մեր աղջիկ երեխաների զարգացման և բարեկեցիկ կյանքով ապրելու համար։ Օրվա տոնոկատարությունը նաև արտացոլում է աղջիկների և երիտասարդ կանանց զարգացումը և առաջընթաը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են քաղաքականությունը, ծրագրավորումը, հետազոտությունները, ֆուտբոլը…»։

Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը ցանկություն հայտնեց, որ տոնը նշելը լինի շարունակական և առաջարկեց հաջորդ տարի կազմակերպել արդեն ամբողջ Արենի համայնքի մասնակցությամբ։

Միջոցառումները մեկնարկեցին «50 կանայք, որոնք փոխել են աշխարհը» գրքի շնորհանդեսով, որը վարեցին հեղինակները՝ Հասմիկ Սիմոնյանը և Արմինե Դանիելյանը։ Գիրքը պատմում է արտասովոր կենսագրություն ունեցող 50 կանանց մասին՝ գյուտարարների, ճանապարհորդների, դիվանագետների, գիտնականների ու արվեստագետների։ Գրքի հերոսները ինչպես օտարազգի են, այնպես էլ մերազնյա, օրինակ՝ աշխարհում առաջին կին դեսպան Դիանա Աբգարը, իրանահայ քանդակագործ Լիլիթ Տերյանը, Մեքսիկայում աստղագիտության ռահվիրաներից Փարիզ Փիշմիշ-Սուքիասյանը։

Շնորհանդեսին հաջորդեց «Փոփոխությունների թատրոնի» վարած ուրախ, ինտերակտիվ ծովախաղ-վիկտորինան` նվիրված Աղջիկ երեխայի միջազգային օրվան, որի ժամանակ ամենադիպուկներն ու հարցերին ճիշտ պատասխանողները ստացան մրցանակների փաթեթներ, այդ թվում՝ «50 կանայք, որոնք փոխել են աշխարհը» գիրքը։

Այնուհետև Խաչիկի աղջիկների հիանալի ֆուտբոլային թիմը ցուցադրական խաղ անցկացրեց, որին մասնակցեց նաև ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը։ Թիմի աղջիկները Եվրամիության ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի իրականացրած ծրագրի կողմից ստացան հանդերձանք, պարագաներով մարզական պայուսակներ ու գնդակներ։

Խաչիկը սահմանամերձ գյուղ է Վայոց ձորի մարզում՝ երեք կողմից սահմանակից Նախիջևանին։ Գյուղի բարձրությունը՝ ծովի մակարդակից մոտ 1800 մետր, նպաստել է, որ այստեղ աճող ամեն ինչ հատուկ համ ունենա։ Այնպես, որ եթե ուզում եք ուտել աշխարհի ամենահամեղ ընկույզը, խաղողը կամ խնձորը, եկեք Խաչիկ։

* Միջոցառումն արվել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող «Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության և հարակից վնասակար գործելակերպերի  կանխարգելումը Հարավային Կովկասում. աջակցություն տարածաշրջանային, ազգային և Հարավ-Հարավ նախաձեռնություններին» ծրագրի շրջանակում։