Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցել է CyFy 2021 միջազգային առցանց գիտաժողովին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տեխնոլոգիական ձեռքբերումներին, դրանց զարգացումով պայմանավորված փոփոխություններին, թվային գործիքների ստեղծման, տարածման ու օգտագործման համատեքստում մարդակենտրոն մոտեցման ներառմանն առնչվող մի շարք հարցեր։
Իր ելույթում Նարեկ Մկրտչյանը նշել է, որ CyFy-ը կարևոր հարթակ է քննարկելու տեխնոլոգիական առաջընթացի հարցում միջազգային հանրության ձեռքբերումները, տեխնոլոգիական ապագայի մարտահրավերներն ու հնարավորությունները, ինչպես նաև նախանշելու հետագա անելիքները: Նախարարի խոսքով՝ Հայաստանը մարդկային մեծ կապիտալ ունեցող փոքր երկրի գրավիչ օրինակ է, որն ինչպես երկրի ներսում, այնպես էլ սահմաններից դուրս, ընդգրկում է թվային դարաշրջանի հնարավորությունները։
Նարեկ Մկրտչյանը խոսել է նաև հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցներին անհրաժեշտ աջակցող միջոցներով ապահովելու կարևորության մասին, որոնք հնարավորություն կտան նրանց կյանքն առավել անկախ և հագեցած դարձնել․ «Ներառական զարգացման ապահովումը մեզ համար առաջնահերթություն է: Այս նպատակով՝ վերջին տարիների ընթացքում նախաձեռնել ենք բարեփոխումների գործընթաց՝ մշակելու, իրականացնելու և ամրապնդելու այն քաղաքականություններն ու ծրագրերը, որոնք ուղղված են աջակցող միջոցների հասանելիությանը և հաշմանդամություն ունեցող անձանց համար առավել լավ պայմանների ստեղծմանը»։
Վերջինս կարևորել է նաև 2020թ․ ռազմական գործողություններին մասնակցած և հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիների համար բազմաֆունկցիոնալ ժամանակակից պրոթեզների ապահովումը։ Այս համատեքստում Նարեկ Մկրտչյանն ընդգծել է նաև միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ու պետություն-մասնավոր գործընկերության դերը։
Եզրափակելով ելույթը՝ նախարարը նշել է, որ Հայաստանը կշարունակի նորարարական մոտեցումներ ցուցաբերել ներառական ենթակառուցվածքների և տեխնոլոգիաների, ինտերակտիվ խնամքի և վերականգնողական համակարգերի ստեղծման ուղղությամբ` մասնակցելով գլոբալ քննարկումներին և աջակցող միջոցների հասանելիության բարձրացմանն ուղղված միջոցառումներին: