Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ Եվրոպական միության SOCIEUX+ բաղադրիչի-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ, հոկտեմբերի 18-29-ն իրականացնում է «Անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների վերապատրաստման» դասընթաց՝ բժշկական և հարբժշկական մասնագետների ներգրավմամբ։
Դասընթացն անցկացնում են Եվրոպական միության SOCIEUX+ բաղադրիչի փորձագետներ Անդրեաս Կարիստինոսը և Գիագկոս Լավրանոսը։
Մասնակիցների առաջին խումբն այսօր ավարտել է դասընթացը։ Վերջիններս ծանոթացել են ՖՄԴ հիմնական հասկացություններին, միջազգային պրակտիկային և գնահատման չափորոշիչներին, հաշմանդամության գնահատման համար փաթեթի մշակման կարևոր բաղադրիչներին (վերապատրաստման մոդուլները հիմնված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ֆունկցիոնալության, հաշմանդամության և առողջության միջազգային դասակարգման և մշակված ուղեցույցերի հիման վրա՝ ըստ հաշմանդամության տեսակի և տարիքային խմբի)։
Առաջին խմբի մասնակցությամբ իրականացված դասընթացի ամփոփմանը ներկա է գտնվել նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։ Նա կարևորել է հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող ծառայությունների որակի բարձրացմանն ու նրանց կենսապայմանների բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացումը։ Այս համատեքստում նախարարի տեղակալն ընդգծել է անձի ֆունկցիոնալության ճշգրիտ գնահատման և այս գործում որակյալ մասնագետների ներգրավման անհրաժեշտությունը․ «Հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող ծառայությունների տեսանկյունից մեզ համար կարևոր է ֆունկցիոնալության աստիճանի ճշգրիտ գնահատման ապահովումը։ Նոր համակարգի ներդնումն իրապես բարդ գործընթաց է, բայց ունենք հանձնառություն և անում ենք ամենը՝ հօգուտ հաշմանդամություն ունեցող անձանց ու նրանց լավագույն շահի»։
Հոկտեմբերի 25-ից 29-ը վերապատրաստման դասընթացներ կանցկացվեն նաև երկրորդ խմբի համար, որի ավարտից հետո երկու դասընթացների մասնակիցները հնարավորություն կունենան հանձնել քննություն․ լավագույն մասնագետները կշարունակեն համագործակցությունը նախարարության հետ՝ ներգրավվելով բարեփոխումների հաջորդ փուլերի աշխատանքներում։