Գ. Պետրոսյանի մամուլի ասուլիս

0
80

Նոյեմբերի 5-ին տեղի ունեցավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Գ. Պետրոսյանի մամուլի ասուլիսը` 2010թ. պետական բյուջեի նախագծով նախատեսված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ապահովության պետական ծառայության միջոցով իրականացվելիք ծրագրերի  մասին: Նախարարն ըստ ոլորտների ներկայացրեց նախատեսվող ծախսերը:

2010թ. պետական բյուջեի նախագծով նախարարության ու ծառայության միջոցով իրականացվող ծրագրերի գծով ընդհանուր գումարը կազմում է 241.27 միլիարդ դրամ: Առավել կարևորներից` “Սոցիալական կենսաթոշակներ” ծրագրով նախատեսվում է 6,514.4 միլիոն դրամի չափով ծախս: “Ապահովագրական կենսաթոշակներ” ծրագրով նախատեսվում է 148,015.6 միլիոն դրամի չափով ծախս: Ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը` 450 դրամ: Աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը կդառնա 26.093 դրամ: “Վետերանների պատվովճարներ” ծրագրով նախատեսվում է անփոփոխ թողնել պատվովճարի ամսական չափը` 20 000 դրամ: “Ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն” ծրագրով ծախսը կկազմի շուրջ 31,023.0 միլիոն դրամ: Նախատեսվում է 2010թ. նպաստի իրավունք տվող անապահովության սահմանային միավորը  /2009թ.`- 30.00/, նպաստի բազային մասը /2009թ.-10 000 դրամ/, հավելումների չափերը` դրանց տարբերակման սկզբունքները, ինչպես նաև միանվագ դրամական օգնության չափերը /2009թ.-10 000 դրամ/  թողնել անփոփոխ:

“Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ” ծրագրով կպահպանվի նպաստի ամսական չափը` 18 000 դրամ:

“Երեխայի ծննդյան միանվագ նպաստ” ծրագրով նախատեսվում է պահպանել 2009թ. նախատեսված նպաստի չափերը. առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում` 50 000 դրամ, երրորդ և ավելի երեխա ունենալու դեպքում` 430 000 դրամ:

“Վարձատրվող հասարակական աշխատանքներ” ծրագրով նախատեսվում է 689.5 միլիոն դրամի չափով ծախս, մեկ օրվա գումարը` 2400 դրամ: “Գործազրկության նպաստ” ծրագրով նախատեսվում է հատկացնել 4,536.0 միլիոն դրամի չափով ծախս: Վճարման միջին տարեկան տևողությունը 10 ամիս է, նպաստի ամսական չափը` 18 000 դրամ:

“Բժշկասոցիալական վերականգնման անաշխատունակության փորձաքննության ծառայություններ” և “Հոգեկան առողջության վերականգնման ծառայություններ” ծրագրերով նախատեսվում է համապատասխանաբար 102.5 և 64.8 միլիոն դրամի չափով ծախս: Պահպանվել է մեկ հիվանդի մեկ օրվա բուժման միջին գինը` 11 500 դրամ:

“Հաշմանդամների պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով, վերականգնման, տեխնիկական միջոցներով ապահովում և դրանց վերանորոգում” ծրագրով նախատեսվում է 857.5 միլիոն դրամի չափով ծախս: Անհրաժեշտ պարագաների թիվը կկազմի 13 631 պարագա:

“Հաշմանդամներին սայլակներով և լսողական սարքավորումների ապահովում” ծրագրով նախատեսվում է 119.2 միլիոն դրամի ծախս: Ձեռք կբերվեն 450 սայլակ, 1100 ռուսական արտադրության լսողական սարք և 218 եվրոպական արտադրության լսողական սարք:

“Տարեցների շուրջօրյա ծառայություններ” ծրագրով նախատեսվում է 1,350.9 միլիոն դրամի չափով ծախս: Չորս ծերանոցներում խնամվող մեկ տարեցի մեկ օրվա խնամքի միջին գինը կազմում է 3664 դրամ, իսկ սննդի մեկ օրվա միջին գինը` 1244 դրամ: “Միայնակ տարեցների սոցիալական սպասարկում” ծրագրով նախատեսվում է 91.0 միլիոն դրամի չափով ծախս: Սպասարկվելու են 1500 միայնակ տարեցներ ու հաշմանդամներ:

“Երեխաների շուրջօրյա խնամքի ծառայություններ” ծրագրով նախատեսվում է 1,681.7 միլիոն դրամի չափով ծախս: “Երեխաների գիշերօթիկ խնամքի և պաշտպանության ծառայություններ” ծրագրով նախատեսվում է 879.3 միլիոն դրամի չափով ծախս: Հաստատություններում խնամվող մեկ երեխայի մեկ օրվա խնամքի միջին գինը 4851 դրամ է, սննդի մեկ օրվա միջին գինը` 1161 դրամ:

Ծախսեր չեն նախատեսվել առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին և մանկատան շրջանավարտներին բնակարանների տրամադրման, ինչպես նաև ավանդների փոխհատուցման ծրագրերով: