«Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացի մասնակիցներին տրվել են ավարտական վկայականներ

0
83

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը մասնակցել է «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացի մասնակիցներին տրվող ավարտական վկայականների հանձնման արարողությանը։ Դասընթացը կազմակերպվել էր նախարարության Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի կողմից՝ նպատակ ունենալով սոցիալական պաշտպանության համակարգում գործունեություն իրականացնող սոցիալական աշխատողներին տալ մասնագիտական նոր գիտելիքներ և կարողություներ։

«ՍՕՍ մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամի և համայնքային 23 սոցիալական աշխատող երկու ամիս մասնակցել են դասընթացին՝ կատարելագործելու մասնագիտական հմտությունները, ծանոթանալու սոցիալական աշխատանքի ոլորտում իրականացվող նորություններին։

Միջոցառման մասնակիցներին շնորհավորելով սոցիալական աշխատողի մասնագիտական տոնի առիթով՝ Աննա Ժամակոչյանը նշել է, որ սոցիալական աշխատողի առաքելությունն է  դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին օգնել բարեփոխելու իրենց կյանքի որակն ու կենսակերպը․ «Սոցիալական աշխատանքն իրականացվում է սոցիալական աշխատողի՝ մարդկային ներդրման միջոցով, քանի որ այն մարդակենտրոն գործունեություն է։ Նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները նպատակ ունեն կայացնել սոցիալական աշխատանքի ինստիտուտն ու համակարգը՝ տրամադրվող օգնությունը դարձնելով առավել հասցեական ու տեղին։ Պարբերաբար իրականացվող մասնագիտական վերապատրաստումները նոր գիտելիքներ ու կարողություններ կտան սոցիալական աշխատողներին՝ ամենօրյա գործունեությունն իրականացնելու նոր որակով ու մոտեցումներով»։

Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն Վանանդ Կարապետյանի հավաստմամբ՝ սոցիալական աշխատողի դերակատարումը շատ մեծ է սոցիալական պաշտպանության համակարգում, որը շարունակական, անընդհատ և նոր մոտեցումներ պահանջող գործընթաց է։ Վերջինիս խոսքով՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդկանց օգնելու և սատարելու համար անհրաժեշտ է ունենալ մասնագիտական և մարդկային բարձր որակներ, որոնք կօգնեն խնդիրներին ցուցաբերել համակողմանի մոտեցում և գտնել անհրաժեշտ լուծումներ։

«ՍՕՍ մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամի տնօրեն Սպարտակ Սարգսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավմամբ  դասընթաց իրականացնելու համար․ «Մեր կազմակերպությունը երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի մի մասնիկն է և իր գործունեության նպատակն է երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը։ Մեզ համար կարևոր է այդ գործընթացն իրականացնելու համար ունենալ հմուտ և փորձառու մասնագետներ։ Համոզված եմ, որ վերապատրաստման դասընթացի արդյունքում ձեռքբերած նոր ու պրոֆեսիոնալ գիտելիքները կնպաստեն սոցիալական աշխատողների ամենօրյա բարդ  աշխատանքի լիարժեք իրականացմանը»։

Միջոցառման ավարտին նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը մասանկիցներին հանձնել է ավարտական վկայականներ՝ ևս մեկ անգամ շնորհավորելով սոցիալական աշխատողի խիզախ ու դժվարին մասնագիտությունն ընտրելու համար։