Թաիրովի միջնակարգ դպրոցում կստեղծվի ինժեներական լաբորատորիա․ Փարաքարի և հարակից համայնքների դպրոցների աշակերտները ծանոթացել են նախաձեռնության մանրամասներին

0
86

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի միջև կնքված հուշագրի շրջանակում՝ ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում՝ Փարաքարի և հարակից համայնքների դպրոցների աշակերտների ու ուսուցիչների մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում ներկաները ծանոթացել են տեխնոլոգիական ոլորտի նորարարություններին և Թաիրովի միջնակարգ դպրոցում ինժեներական լաբորատորիա ստեղծելու նախաձեռնության մանրամասներին։

Նարեկ Մկրտչյանն, ընդգծելով նոր տեխնոլոգիաների դերը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, նշել է, որ նախարարությունը կարևորում է աշակերտների մասնագիտական կողմնորոշման ապահովումն ու  նրանց ճիշտ կողմնորոշումը դեպի աշխատաշուկա․

«Լինելով աշխատանքի և զբաղվածության ապահովման գերատեսչություն՝ նախարարությունը կարևորում է տեխնոլոգիական ոլորտի մասնավոր կառույցների միջև համագործակցությունը և փորձում ստեղծել հարթակ, որի միջոցով մասնագիտության ընտրությունն ու դեպի աշխատաշուկա ուղղորդումը կիրականացվի հասցեական և արդյունավետ»։

Նարեկ Մկրտչյանը կարևորել է Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի (ԳՏՏԿ) հետ հուշագրի ստորագրումը, որի շրջանակում կապահովվի 2020 թ․ պատերազմի առնվազն 100 մասնակցի և նրանց ընտանիքների մասնագիտական ուսուցումն ու կայուն զբաղվածությունը։

ԳՏՏԿ տնօրեն Ամալյա Եղոյանը մանրամասներ է ներկայացրել Հայ կրթական հիմնարկության աջակցությամբ Թաիրովի միջնակարգ դպրոցում ստեղծվելիք ինժեներական լաբորատորիայի մասին, որն աշակերտներին հնարավորություն կտա ստանալ խորը ճարտարագիտական հմտություններ, մասնավորապես՝ Էլեկտրաինժեներիայի, մեքենաշինության, արհեստական բանականության, ինչպես նաև բիզնեսի կառավարման ոլորտներում։ Ամալյա Եղոյանի խոսքով՝ ծրագիրը վերջին մեկ տարում հաջողությամբ իրականացվում է Շիրակի մարզի ավագ դպրոցի աշակերտների համար՝ Հայ Կրթական Հիմնարկության աջակցությամբ:

Ինժեներական լաբորատորիայում կգործի ծրագիր՝ նաև պատերազմի մասնակիցների համար։