Նոր հնարավորություն՝ ուսանողներին․ ԱՍՀՆ և Ամերիկյան համալսարանի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

0
97

Կարևորելով պետություն-գիտակրթական համայնք կապի ամրապնդումն ու ուսանողների մասնագիտական կարողությունների կատարելագործումը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։

Նախարար Նարեկ Մկրտչյանն ընդգծել է  ուսանողների՝ մասնագիտական փորձի միջոցով կիրառական հմտությունների ձեռքբերման կարևորությունը և հույս հայտնել, որ համագործակցության շրջանակում իրականացվելիք աշխատանքները ևս դրական արդյունք կունենան այդ գործում․

«Մենք կարևորում ենք համագործակցությունը Հայաստանում գործող առաջատար ԲՈՒՀ-երից մեկի՝ Ամերիկյան համալսարանի հետ։ Այժմ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվում են բազմաթիվ բարեփոխումներ, տարվում են աշխատանքներ տարբեր ռազմավարությունների մշակման ուղղությամբ։ Ուրախ կլինենք այդ գործընթացներում ներգրավել նաև Ամերիկյան համալսարանի ներուժը»։

«Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի նախագահ Կարին Մարկիդեսը ևս կարևորել է համագործակցության շրջանակում նոր ձեռքբերումների հնարավորությունը` շեշտելով համատեղ իրականացվելիք աշխատանքի արդյունավետ կազմակերպման կարևորությունը։  

Հուշագրի շրջանակում Ամերիկյան համալսարանի ուսանողները հնարավորություն կունենան մասնագիտական պրակտիկա անցնել և հետազոտություններ իրականացնել սոցիալական պաշտպանության ոլորտում, մասնավորապես՝ զբաղվածության, ժողովրդագրության, գենդերային քաղաքականության ուղղություններով։ Այդ նպատակով համատեղ կմշակվեն և կիրականացվեն ոլորտային գիտահետազոտական ծրագրեր, կորոշվեն ուսումնասիրության ու վերլուծության առարկա հարցերը, դասընթացների կամ մասնագիտական պրակտիկայի շրջանակը և այլն։