Ռուբեն Սարգսյանը մասնակցել է «Վերաինտեգրման, վերադարձի և աշխատանքային միգրացիան Covid-19 համաճարակի համատեքստում» համաժողովին

0
93

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը նոյեմբերի 15-ին առցանց ձևաչափով մասնակցել է «Վերաինտեգրման, վերադարձի և աշխատանքային միգրացիան Covid-19 համաճարակի համատեքստում» խորագրով տարածաշրջանային երկրորդ համաժողովին։

Հանդիպման նպատակն էր Հայաստանի և Վրաստանի կառավարության ներկայացուցիչների և այլ շահագրգիռ կողմերի հետ քննարկել Covid-19 համաճարակի ընթացքում աշխատանքային միգրացիայի օրինաչափությունները, սոցիալ-տնտեսական ազդեցություններն ու արձագանքման հնարավորությունները։

Համաժողովի օրակարգում ներառված էին «Սոցիալական և տնտեսական վերաինտեգրում դանդաղող տնտեսություններում և աշխատաշուկաներում», «Հմուտ միգրանտների վերադարձը տնտեսական զարգացման համար», «Անվտանգ ու կանոնավոր աշխատանքային միգրացիայի ուղիների վերաբացում» թեմաները։

Նախարարի տեղակալը հանդիպման մասնակիցներին համառոտ ներկայացրել է միգրացիայի ոլորտում նախարարության՝ որպես ՀՀ միգրացիայի քաղաքականության 2017-2021 թթ. ռազմավարության իրականացումն ապահովող պատասխանատու մարմիններից մեկի լիազորությունների և գործառույթների օրենսդրական հիմքերը: Ռուբեն Սարգսյանի խոսքով՝ նախարարության իրավասություններից է օրինական միգրացիային օժանդակումը, արտագնա աշխատանքի մեկնող ՀՀ քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանությունը, պայքարն՝ անօրինական միգրացիայի դեմ, միգրացիայի ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնումն ու համակարգի հետագա զարգացումը: Նախարարությունն այս ոլորտում քաղաքանակությունն իրականացնելիս առաջնորդվում է «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածներով, Միասնական սոցիալական ծառայության կանոնադրությամբ, Աշխատանքի միջազգային կազմակերպության 97 կոնվենցիայով, ինչպես նաև միջազգային այլ համաձայնագրերի դրույթներով:

Ռուբեն Սարգսյանը նշել է, որ վերադարձած միգրանտները համարվում են աշխատաշուկայում անմրցունակ անձինք, ովքեր առաջնահերթության կարգով կարող են ընդգրկվել զբաղվածության պետական ծրագրերում։ Երկրում գործող միգրացիոն ռեսուրս կենտրոնների կողմից Երևանի և ՀՀ մարզերի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում կազմակերպվում են աշխատաժողովներ, որոնց շրջանակում վերադարձած աշխատանքային միգրանտներին ու նրանց ընտանիքի անդամներին տրամադրվում է համապատասխան տեղեկատվություն։

Անվտանգ, կանոնավոր աշխատանքային միգրացիայի ուղիների վերաբացում թեմայի քննարկման ընթացքում ներկայացվել է ԵԱՏՄ շրջանակում գործարկված «Աշխատանք առանց սահմանների» էլեկտրոնային հարթակը, որը կընդլայնի ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների աշխատանքի որոնման հնարավորությունները, կմեծացնի գործատուների կողմից առաջարկվող թափուր աշխատատեղերի համալրման տարբերակների շրջանակը, թույլ կտա ներմուծել անդամ պետությունների աշխատաշուկաների փոխգործակցության ժամանակակից և արդյունավետ թվային գործիքներ, ինչպես նաև կաջակցի աշխատանքային ռեսուրսների ազատ տեղաշարժին։