Նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին

0
176

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում ՄԱԶԾ հետ համատեղ իրականացվող ծրագրերին և հետագա համագործակցության ուղղություններին առնչվող մի շարք հարցեր։

Նարեկ Մկրտչյանը մանրամասներ է ներկայացրել  հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց հիմնահարցերի, սոցիալական բնակարանաշինության ոլորտներում նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների վերաբերյալ՝ միաժամանակ կարևորելով համատեղ ծրագրերի իրականացումն Արցախից տեղահանված անձանց զբաղվածության ապահովման գործում։

«ՄԱԶԾ-ի հետ համագործակցության շրջանակում մեր հիմնական աշխատանքները հետևյալ ուղղություններով են՝ կանանց ձեռներեցության զարգացում և աշխատունակության բարձրացում, հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող միջոցների տրամադրում, ինչպես նաև համագործակցություն՝ աշխատանքային միգրացիայի ոլորտում։ Հուսով ենք, որ իրականացվելիք աշխատանքները թույլ կտան առավել ակտիվացնել պետություն-մասնավոր հատված գործընկերությունը և ցանկալի արդյունք ապահովել»,- նշել է նախարարը։

Նաթիա Նացվլիշվիլիին բարձր է գնահատել սոցիալական պաշտպանության ոլորտում մատուցվող ծառայությունների զարգացման և կատարելագործման ուղղությամբ նախարարության կողմից իրականացվող աշխատանքները՝ նշելով, որ համատեղ արդյունավետ համագործակցությունը պայմանավորված է նույն տեսլականն ունենալու հանգամանքով.  

 «Մենք առանձնակի կարևորում ենք հաշմանդամություն ունեցող անձանց և վետերաններին ուղղված ծրագրերի իրականացումը, որոնք կնպաստեն նրանց կենսապայմանների բարելավմանը։ Նույնքան անհրաժեշտ է նաև պատերազմից տուժած անձանց՝ հատկապես կանանց և աղջիկների զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրերը, որոնց ուղղությամբ ևս մեր կողմից աշխատանքներ են  տարվում»: