Կարևորելով ուսանողների տեսական գիտելիքի գործնական կիրառումն ու մասնագիտական փորձի միջոցով հմտությունների ձեռքբերումն՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Հայաստանում ֆրանսիական համալսարանի միջև հուշագիր է ստորագրվել։
Անդրադառնալով աշխատանքի և զբաղվածության ոլորտում նախարարության կողմից սահմանված առաջնահերթություններին՝ նախարար Նարեկ Մկրտչյանն ընդգծել է ուսանողների մասնագիտական աճի ու փորձի փոխանակման հնարավորության ընձեռնման անհրաժեշտությունը։ Նախարարը վստահություն է հայտնել, որ հուշագրի շրջանակում նախատեսված աշխատանքները ևս կնպաստեն ոլորտում դրական արդյունքի արձանագրմանը։
Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարին ևս արժևորել է կրթության որակի բարձրացման ու ձեռներեցության զարգացման, ինչպես նաև աշխատաշուկայի որակյալ մասնագետներով համալրման կարևորությունը։
Հուշագրի շրջանակում կողմերը պարտավորվել են համատեղ իրականացնել հետազոտական աշխատանքներ, կազմակերպել հանդիպումներ և գիտագործնական միջոցառումներ։ Նախարարությունը պատրաստակամություն է հայտնել աջակցել համալսարանի կարիերայի կենտրոնին և համագործակցել՝ ուսանողների մասնագիտական հմտությունների զարգացման և շրջանավարտների զբաղվածության փորձը հանրապետության մյուս բուհերում ներդնելու նպատակով։