Այսօր մեկնարկել է «Իմ կարողություններն իմ ապագան են» կարիերայի ուղղորդման և մասնագիտական կողմնորոշման մեկշաբաթյա ճամբարը, որն իրականացնում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ, Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքներում բնակվող, 2020 թ․ ռազմական գործողությունների մասնակից հիսուն երիտասարդների համար։ Ճամբարն իրականացվում է ՄԱԶԾ-ՅՈՒՆԻՍԵՖ «Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների դիմակայության ամրապնդում» համատեղ ծրագրի 3-րդ փուլի շրջանակում, որը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կառավարության «Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի» կողմից։
Մեկշաբաթյա ճամբարի ընթացքում հիսուն մասնակիցներ հնարավորություն կունենան ծանոթանալ մասնագիտական կողմնորոշման մի շարք գործիքների (տեղեկատվական ծառայություններ, ուղղորդում, հարցազրույցներ մենթորների հետ, ինքնագնահատման գործիքներ, թեստեր), որոնք կներկայացվեն ՀՀ ԱՍՀՆ Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի «Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոն»-ի կողմից: Մասնագիտական կողմնորոշման դասընթացներին կհաջորդի աշխատանքի տոնավաճառը․ գործատուների հետ կազմակերպված հանդիպումները ճամբարի մասնակիցներին հնարավորություն կընձեռեն բացահայտել աշխատանքի տեղավորման հնարավորությունները։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին ողջունեցին ճամբարի մասնակիցներին։
«Լինելով նախ աշխատանքի, ապա սոցիալական հարցերով զբաղվող գերատեսչություն՝ նախարարությունը կարևորում է 2020 թ․ ռազմական գործողությունների մասնակիցների կայուն զբաղվածության ապահովումն ու աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացումը։ Տեխնոլոգիական մի շարք ընկերությունների հետ արդեն իսկ կնքվել են համաձայնագրեր և աշխատանքներ են իրականացվում վերջիններիս մասնագիտական ուսուցման ու վերապատրաստման ուղղությամբ»,- իր ողջույնի խոսքում նշեց նախարար Նարեկ Մկրտչյանը։
Դեսպան Ջոն Գալագերն իր ելույթում ասաց. «Ես հպարտ եմ, որ Միացյալ Թագավորությունը ակտիվորեն աջակցում է Հայաստանի հետկոնֆլիկտային վերականգնմանը։ Այս ծրագիրը կենսականորեն կարևոր դեր է խաղում միջին մասնագիտական կրթական հնարավորություններին աջակցելու և հանրային ծառայությունների հասանելիության բարելավման գործում Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի սահմանամերձ երեք մարզերում, որոնք հատկապես տուժել են հակամարտությունից և ՔՈՎԻԴ-19 համավարակից: Հատկապես ուրախ եմ, որ այս ծրագիրը միջին մասնագիտական ուսուցում և գործնական աջակցություն կտրամադրի խոցելի մարդկանց, այդ թվում՝ վետերաններին՝ նոր հմտություններ ձեռք բերելու համար: Սա թույլ կտա հակամարտությունից տուժած բնակչությանը գտնել և օգտվել արժանապատիվ, արժեքավոր զբաղվածության հնարավորություններից»:
«Վետերանների ու սահմանամերձ համայնքների վերաինտեգրումը հակամարտության հետևանքների հաղթահարման մարտահրավերներից մեկն է։ Այն պահանջում է բազմաբեվեռային քաղաքականություն՝ արժանապատիվ զբաղվածության համար բարենպաստ միջավայր ստեղծելու գործում։ Այսօր, Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսավորման շնորհիվ, ՄԱԶԾ-ն և ԱՍՀ նախարարությունը կարող են ուղղորդել այդ ազգային գործընթացը՝ հաշվի առնելով ՄԱԶԾ լավագույն փորձը հակամարտության հետևանքով տուժած բնակչության (թիրախավորելով վետերաններին) սոցիալ-տնտեսական վերաինտեգրման ոլորտում»,-ասաց Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։
Կարիերայի ուղղորդման վեցօրյա ճամբարի մեկնարկը «Հակամարտության հետևանքով տուժած բնակչության սոցիալ-տնտեսական ինտեգրման և վերաինտեգրման մոդել»-ի (մոդել) գործարկման մի մասն է։ Մոդելի հիմնական նպատակներից է համապատասխան գործիքակազմի տրամադրումն քաղաքականություն մշակող և որոշում կայացողներին, ինչպես նաև տեղական դերակատարներին՝ աջակցելու հակամարտության հետևանքով տուժած բնակչության սահուն մուտքը աշխատաշուկա։
Ուսուցման տարբեր մեթոդաբանությունները, ինտերակտիվ ներկայացումները և խմբային աշխատանքները գիտելիքի ու մտքերի փոխանակման, նորարարական մտահղացումների բեղուն հարթակ կլինեն։
Հիսուն երիտասարդի համար նախատեսված Ճամբարը հիմնավոր հիմք կստեղծի ներկայացված մոդելի մեթոդաբանության առանցքային բաղադրիչների շուրջ հետագա գործնական իրականացման, բարելավման և ողջ երկրով տարածման համար։