Նախարարն ընդունել է Հայաստանում ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ռաշիդ Ալ Սալամիին

0
124

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ռաշիդ Ալ Սալամիին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքային միգրացիայի ոլորտում համագործակցությանը, հաշմանդամություն ունեցող անձանց համար համայնքային փոքր տների ստեղծմանը, կանանց դերի հզորացմանն ուղղված ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր։

Ընդգծելով բազմոլորտ համագործակցության և երկու երկրների միջև հաստատված ջերմ հարաբերությունների կարևորությունը՝ Նարեկ Մկրտչյանը մեկ անգամ ևս շնորհավորել է տիկին Ալ Սալամիին ԱՄԷ ազգային օրվա առթիվ․

«Արաբական Միացյալ Էմիրությունները մեր կարևոր գործընկերներից է, որի հետ համագործակցության շրջանակում իրականացվել են բազմաթիվ նախագծեր, ծրագրեր ու նախաձեռնություններ։ Հույս ունենք, որ «ՀՀ կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների Կառավարության միջև աշխատուժի օգտագործման մասին» հուշագրի ստորագրումը ևս կնպաստի երկու պետությունների միջև աշխատանքային միգրանտների իրավունքների և շահերի պաշտպանությանն ու աշխատուժի օգտագործման հետ կապված հարցերի կարգավորմանը»։

Ահլամ Ռաշիդ Ալ Սալամին ևս, ընդգծելով նախարարության հետ համատեղ իրականացված ծրագրերի կարևորությունը, պատրաստակամություն է հայտնել ընդլայնել համագործակցության ուղղությունները։ Վերջինս կարևորել է կանանց հզորացմանն ու մասնագիտական հմտությունների ուսուցմանն ուղղված ծրագրերի իրականացումը․

«Մեր շարունակական աշխատանքի միջոցով ձգտելու ենք հասնել նրան, որ Հայաստանին տրամադրվող հումանիտար աջակցության ծավալն ավելանա և կարողանանք ավելի շատ օգնել դրա կարիքն ունեցող մարդկանց»։

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել կարճ ժամանակում ընթացք տալ քննարկված ծրագրերին։