Քաղաքաբնակ կենսաթոշակառուն ինչպես կարող է տեղեկանալ, թե հունվարի 1-ից ո՞ր կազմակերպությունից կարող է իր կենսաթոշակն ստանալ անկանխիկ

0
119

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հունվարի 1-ից ՀՀ բոլոր քաղաքներում կենսաթոշակներն ու կենսաթոշակների վճարման կարգով տրամադրվող նպաստները վճարվում են անկանխիկ։

Քաղաքաբնակ այն կենսաթոշակառուները, ովքեր մինչև 2021թ․ դեկտեմբերի 30-ը կենսաթոշակն ստացել են կանխիկ եղանակով և չեն դիմել կենսաթոշակի վճարման եղանակը փոխելու համար, ծրագրային մոդուլի կիրառմամբ՝ նրանց համար ինքնաշխատ եղանակով ընտրվել է անկանխիկ եղանակով վճարող կազմակերպություն (Ազգային օպերատոր՝ էլեկտրոնային փողի միջոցով կամ բանկեր)։

Ընտրված կազմակերպության մասին քաղաքացին կարող է տեղեկանալ առցանց եղանակով։ Դրա համար անհրաժեշտ է https://bit.ly/3sZNQMS հղումով մուտք գործել Միասնական սոցիալական ծառայության կայքէջ և բացված պատուհանում մուտքագրել կենսաթոշակառուի անձնական տվյալները։

Կենսաթոշակառուն ցանկացած ժամանակ կարող է դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն՝ վճարող կազմակերպությունը, այդ թվում՝  վերը նշված ծրագրային մոդուլի կիրառմամբ ընտրված վճարող կազմակերպությունը, փոխելու համար։

Հիշեցնենք, որ վճարման անկանխիկ եղանակի նշված կարգը տարածվում է նաև խնամքի նպաստի և կենսաթոշակների վճարման կարգով վճարվող՝ ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի, պարգևավճարների և պատվովճարների վրա։