Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ձևավորում է նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ

0
83

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ձևավորում է նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ, որը կաջակցի նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների առավել արդյունավետ իրականացմանը՝ ներկայացնելով առաջարկություններ սոցիալական պաշտպանության ոլորտում վարվող քաղաքականության վերաբերյալ:

Հաշվի առնելով այն, որ հասարակական խորհրդի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների մի շարք աշխատակիցներ այլևս չեն ներկայացնում տվյալ կազմակերրպությունն, ինչպես նաև այն, որ համավարակով և 2020թ․ պատերազմով պայմանավորված՝ սահմանված ժամկետներում չի իրականացվել կազմի ռոտացիա, հայտարարվում է նոր կազմի հավաքագրում։

Այն հասարակական կազմակերպությունները, զանգվածային լրատվության միջոցները, ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպություններն, ինչպես նաև այլ շահագրգիռ անձինք, որոնց գործունեության բնույթը համընկնում է նախարարության գործունեության հիմնական ուղղություններին, համապատասխան ոլորտում ունեն առնվազն 2 տարվա մասնագիտական փորձառություն, կարող են դիմել խորհրդի կազմում ընդգրկվելու համար։

Խորհրդի կազմում կարող է ընդգրկվել առնվազն 15 անդամ։ Ընդգրկվել չեն կարող այն անձինք կամ կազմակերպություններն, ովքեր նախարարության կողմից տվյալ պահին ֆինանսավորում են ստանում (դրամաշնորհ կամ ծառայությունների մատուցում՝ ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան)։ Վերջիններս կարող են ընդգրկվել բացառապես խորհրդի նախագահի պատճառաբանված որոշման հիման վրա։

Խորհրդի կազմում ընդգրկվելու համար պահանջվող դիմումների ձևերին և այլ մանրամասների կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3I52Lt9

Դիմումներն ու կից փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել press@old.mlsa.am էլեկտրոնային հասցեին մինչև փետրվարի 1-ը ներառյալ՝ հաղորդագրության անվանում բաժնում նշելով «Հայտ – նախարարին կից հասարակական խորհուրդ» ։