Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն այսօր ընդունել է ԱՄՆ ՄԶԾ հակաթրաֆիքինգային ծրագրի ղեկավար Լիլիան Մագետոյին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են 2020-2022թթ․ Գործողությունների ազգային ծրագրի իրականացմանն առնչվող մի շարք մանրամասներ։ Ընդգծվել է մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման, զոհերի հայտնաբերման և նույնացման, աջակցության ու պաշտպանության մեխանիզմների զարգացման ուղղությամբ շարունակական աշխատանքների իրականացումը, ինչպես նաև երևույթի վերաբերյալ իրազեկման ու միջգերատեսչական համագործակցության ակտիվացման կարևորությունը։
Անդրադառնալով մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում ԱՍՀՆ կողմից սահմանված առաջնահերթություններին՝ Տաթևիկ Ստեփանյանը շեշտել է օրենսդրության կատարելագործման ու ներդաշնակեցման, նոր ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդրման և զարգացման, ինչպես նաև մասնագետների որակավորման բարձրացման կարևորությունը․ «Նախարարությունը շարունակում է անհրաժեշտ և հետևողական աշխատանքներ իրականացնել մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում։ Օրենսդրությունը լավարկմանը զուգահեռ՝ անհրաժեշտ է ունենալ տվյալների հավաքագրման և վերլուծության արդյունավետ մեխանիզմներ»։
Լիլիան Մագետոն ևս կարևորել է մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում համատեղ ջանքերի մեկտեղումը՝ հայտնելով, որ Հայաստան այցի շրջանակում նախատեսում է հանդիպել ոլորտի հիմնախնդիրներով զբաղվող ազգային հիմնական բոլոր դերակատարների հետ։
«Սա հիանալի հնարավորություն էր ինձ համար՝ այցելելու Հայաստան և ավելի լավ պատկերացում կազմելու այն առաջնահերթությունների մասին, որոնք կներառվեն մեր ծրագրում՝ թրաֆիքինգի դեմ պայքարում ազգային դերակատարներին անհրաժեշտ աջակցություն տրամադրելու նպատակով։ Իրականացվող աշխատանքների շրջանակում մենք էապես կարևորում ենք ԱՍՀՆ՝ որպես Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համակարգող և առաջատար մարմնի դերը»։
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համատեղել ջանքերը՝ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում առավել արդյունավետ գործիքակազմերի ներդրման, կանխարգելման և դեպքերի բացահայտման ուղղությամբ։