Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Հաշմանդամության հիմնահարցերով համաշխարհային գագաթաժողովին

0
70

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն առցանց ձևաչափով մասնակցել է Հաշմանդամության հիմնահարցերով համաշխարհային հեղինակավոր գագաթաժողովին։ Նորվեգիայի և Գանայի կառավարությունների կողմից կազմակերպված քննարկմանը մասնակցել են տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ՝ վարչապետեր, նախարարներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և այլք։

Անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ Նարեկ Մկրտչյանն իր ելույթում կարևորել է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ապահովման, գնահատված կարիքին համարժեք՝ հասցեական ծառայությունների մատուցման, խտրական դրսևորումների վերացման ուղղությամբ շարունակական աշխատանքների իրականացումը։  

Նախարարն ընդգծել է նաև հաշմանդամություն ունեցող անձանց ներառականության ապահովման կարևորությունը, մասնավորապես՝ կրթության, առողջապահության և զբաղվածության ոլորտներում։

«Հայաստանի կառավարությունը, հավատարիմ լինելով Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին, իրականացնում է խորքային բարեփոխումներ՝ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում։ Մասնավորապես՝ անցյալ տարի ընդունվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին», «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքների փաթեթը՝ հիմնված ԱՀԿ ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքի վրա։ Աշխատանքներ են իրականացվում նաև համայնքահենք փոքր խմբային տների մոդելի ներդրման, անկախ կյանքի կենտրոնների ստեղծման ուղղությամբ»,- նշել է նախարարը։

Ամփոփելով ելույթը՝ նախարարն ընդգծել է բոլոր դերակատարների ջանքերի համատեղման կարևորությունն՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց ներուժի ամբողջական դրսևորմանն ու հասարակական կյանքում վերջիններիս լիարժեք մասնակցության ապահովմանը։