Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովի նիստ

0
71

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանը:

Օրակարգում ներառված էին  նախարարի տեղակալ Ֆ. Բերիկյանի զեկուցումը` երեխաների իրավունքների  պաշտպանության եռաստիճան համակարգի  ամրապնդման և  հզորացման, կրթության նախարարության, ոստիկանության ներկայացուցիչների զեկույցներն իրենսց ոլորտների հիմնախնդիրների մասին, երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչների և ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության մարզայինև Երևանի քաղաքապետարանի բաժինների պետերի ելույթները:

Շուրջ երկու ժամ տևած նիստի ընթացքում ներկայացվեցին երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների իրականացրած աշխատանքները, հիմնախնդիրները, լուծման փուլում գտնվող և դեռևս չլուծված հարցերը:

Ըստ պարոն Բերիկյանի` հիմնախնդիր է համայնքների խնամակալության և հոգաբարձության մարմինների կայացումը:  Ինչ վերաբերում է մարզային բաժիններին, ապա անհրաժեշտ մասնագետներով համալրված այս կառույցները սկսել են լուրջ դերակատարում ունենալ: Որպես օրինակ բերվեց հանրապետության ողջ տարածքում  չգրանցված ծնունդների հայտնաբերման խնդիրը, երբ կարճ ժամկետում հնարավոր եղավ հավաքել անհրաժեշտ տեղեկատվություն: Ներկայումս ծնունդների գրանցումն ընթացքի մեջ է:

Երեխաների պաշտպանության մարզային և Երևանի քաղաքապետարանի բաժինների պետերի ելույթներում հիմնականում նշվեցին այն ուղիները, որոնցով հնարավոր է ամրապնդել եռաստիճան համակարգի բոլոր մակարդակների միջև տեղեկատվության փոխանակման մեխանիզմները: