«Կլիմայի փոփոխությունը և կանայք Հայաստանում» խորագիրը կրող միջոցառում-մրցանակաբաշխություն

0
94

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի հետ համատեղ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՀՀ կանանց հարցերով խորհրդի հետ համագործակցությամբ կազմակերպում է «Կլիմայի փոփոխությունը և կանայք Հայաստանում» խորագիրը կրող միջոցառում-մրցանակաբաշխություն։

Կանայք կազմում են աշխարհի բնակչության գրեթե կեսը, և, թեև նրանք հաճախ կլիմայի փոփոխության հետևանքով ենթարկվում են անհամաչափ ազդեցության, այնուամենայնիվ, նրանց ձայնը միշտ չէ, որ լսելի է, իսկ ներդրումը՝ մեծամասամբ տեսանելի չէ: Անհերքելի է, սակայն, այն փաստը, որ ոլորտում կանանց կողմից իրականացված գործողություններն արձանագրել և արձանագրում են հաջողություններ:

Հայաստանն աշխարհի 197 երկրների հետ միասին 1994 թվականին միացել է Կլիմայի Փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիային՝ պարտավորվելով նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումներն ու իրականացնել միջոցառումներ՝ կլիմայի փոփոխության հետևանքներին հարմարվելու ուղղությամբ: 30 տարի առաջ կլիմայի փոփոխության քաղաքականությունները և գործողությունները չէին առանձնացնում կանանց և տղամարդկանց կարիքներն ու հնարավորությունները, սակայն, տարիների ընթացքում իրականացված ուսումնասիրությունների և համապատասխան փորձի ձեռքբերման արդյունքում կարևորվեց կանանց դերակատարումը ոլորտում և, հետևաբար, կանանց առաջնորդության խրախուսման հարցը դարձավ օրակարգային թե՛ ազգային ռազմավարություններում, թե՛ միջազգային ծրագրերում: Դա, անշուշտ, նպաստեց, որպեսզի բնագավառի քաղաքականություններն ու գործողությունները դառնան ավելի արդյունավետ և ներառական՝ հասարակության բոլոր անդամների համար:

Հայաստանում կանայք ակտիվորեն զբաղվում են կայուն ապագա ստեղծելով, և նրանց ներդրումը պետք է ճանաչվի, խրախուսվի և պատշաճ կերպով ներկայացվի հանրությանը։

Անվանակարգեր

  • Կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված լուծումներ
  • Կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումներ
  • Կլիմայական խնդիրների լուսաբանում
  • Կլիմայական կրթությունը բոլորի համար
  • Կլիմայական ֆինանսավորման և նորարարության լուծումներ
  • Երիտասարդները կլիմայական գործողություններում

Դիմելու կարգը

Կլիմայի փոփոխության բնագավառում լուծումների ներկայացման մրցույթին մասնակցելու համար հարկավոր է էլեկտրոնային հայտադիմումը լրացնել մինչև 2022թ. մարտի 21-ը, ժամը` 23:59։

Ո՞վ կարող է դիմել

Կանանց առաջնորդությամբ իրականացված կլիմայի փոփոխության բնագավառում լուծումների մրցանակաբաշխության դիմումներն ընդունվում են ինքնաառաջադրմամբ կամ առաջադրմամբ:

Առաջադրել կարող են պետական և ոչ պետական կազմակերպությունները, հասարակական և միջազգային կառույցները, այդ թվում՝ կրթական հաստատությունները, ձեռնարկատիրական ընկերություները, իսկ ինքնաառաջադրվել կարող են տարբեր ոլորտներում աշխատող կամ գործունեություն իրականացնող կանայք: Կազմակերպությունը կամ կառույցը կարող է առաջադրել մեկից ավելի ծրագիր/լուծում և թեկնածու։ Յուրաքանչյուր անվանակարգի համար կարելի է ներկայացնել միայն մեկ թեկնածու: Խաչաձևող խնդիրների լուծմանն ուղղված գործողությունները կարող են առաջադրվել առավելագույնս երկու անվանգակարգում։

Ինքնաառաջադրվելու պարագայում հարկավոր է ներկայացնել առնվազն մեկ երաշխավորագիր-նամակ։ Ներկայացվող լուծումները պետք է իրականացված լինեն վերջին հինգ տարվա ընթացքում:

Խրախուսվում է հայտադիմումը լրացնել, եթե ոլորտին առնչվող գործողությունները հաջողությամբ են իրականացվել, ունեն տեսանելի կամ չափելի ազդեցություն, ուսանելի են և կրկնօրինակման ենթակա:

Ընտրության չափորոշիչներին բավարարող բոլոր ծրագրերը կամ լուծումները կհրապարակվեն միջոցառման էլեկտրոնային գրքույկում։

Ընտրության չափորոշիչներ

Ներկայացվող բոլոր գործողությունները պետք է ուղղված լինեն կլիմայի փոփոխության մեղմմանը և/կամ հարմարվողականությանը։

  • Կլիմայի փոփոխության ոլորտում ազդեցություն
  • Գործողությունը կամ լուծումը նպաստել է կլիմայի փոփոխության մեղմմանը, այսինքն՝ ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը և/կամ ածխաթթու գազի կլանիչների զարգացմանը։
  • Գործողությունը կամ լուծումը նպաստել է կլիմայի փոփոխության հարմարվողականությանը։
  • Առաջնորդություն և կառավարում
  • Առաջնորդել է Հայաստանում կլիմայի փոփոխության մեղմման և/կամ հարմարվողականության գործողություններ, ծրագրեր։
  • Դրական լուծումներ է առաջարկել երկրի քաղաքականություններում կամ ծրագրերում գենդերային հասցեականությունն ապահովելու համար։
  • Գործողությունում ապահովվել է կանանց, տղամարդկանց և երիտասարդների համար հավասար հասանելիություն և մասնակցություն։
  • Իրականացված աշխատանքը բարելավել է կանանց ներգրավման գործընթացը կլիմայի փոփոխության խնդիրների հասցեագրմանը, ստեղծել է հնարավորություն նվազեցնելու կանանց խոցելիությունը կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունից:
  • Նորարարություն և ստեղծարարություն
      • Գործողությունը և/կամ թեկնածուի աշխատանքը նորարարություն է բերել ոլորտին, համայնքին կամ երկրին, բարելավել է կամ դրական փոփոխություն է ապահովել գործընթացն արդյունավետ դարձնելու տեսանկյունից։
  • Կրկնօրինակելիություն
      • Իրականացված աշխատանքի արդյունքում լուծումը կամ գործողությունը կրկնօրինակվել է, ունեցել է երկարաժամկետ ազդեցություն, տարածվել է այլ համայնքներում կամ երկրներում։

Ժամանակացույց

Մարտի 7-14 – Հայտերի լրացման վերաբերյալ առցանց պարզաբանումներ, ինչպես նաև հարց-պատասխան ձևաչափով հանդիպում մարտի 14-ին առցանց Zoom հարթակում՝ ըստ պահանջի։ Հարցերի կամ պարզաբանումների համար անհրաժեշտ է գրել nsakanyan@gmail.com էլեկտրոնային հասցեին։

Մինչև մարտի 21 – Կանանց առաջնորդությամբ իրականացված կլիմայի փոփոխության ազդեցության մեղմմանը և հարմարվողականությանն ուղղված հայտադիմումների ներկայացում։

Մարտի 22-25 – Հայտերի գնահատում։ Ընտրության չափորոշիչների հիման վրա հայտերի գնահատումն իրականացվելու է գնահատող հանձնաժողովի կողմից։

Մարտի 25 – ապրիլի 6 – «Կլիմայի փոփոխությունը և կանայք Հայաստանում» մրցանակաբաշխություն՝ հաղթող լուծումների և հաղթողների ներկայացում։

Ապրիլի 7 – Հաղթողների մասնակցությամբ հանդիպում, լուծումների ներկայացում հեռուստատեսությամբ։