Միջգերատեսչական հանդիպման շրջանակում քննարկվել է ԱՍՀՆ սոցիալական պաշտպանության ռազմավարությունը

0
105

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի գլխավորությամբ՝ տեղի է ունեցել միջգերատեսչական հանդիպում, որի շրջանակում քննարկվել է Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ռազմավարությունը։ Հանդիպմանը մասնակցել են փոխվարչապետերի գրասենյակների, նախարարությունների և պետական այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Ներկայացվել են ռազմավարության իրավական և մեթոդաբանական հիմքերը, կառուցվածքը, հիմնական շեշտադրումներն ու արդյունքային շրջանակը։   

Անդրադառնալով ոլորտային բարեփոխումների անհրաժեշտությանը՝ նախարար Նարեկ Մկրտչյանը շեշտադրել է Միասնական սոցիալական ծառայության, զբաղվածության, ժողովրդագրության և սոցիալական բնակարանային ապահովության ոլորտներում նախատեսվող ծրագրերի կարևորությունը։ Այս համատեքստում նախարարն ընդգծել է միջգերատեսչական համագործակցության շրջանակում ստացված առաջարկների ու դիտարկումների դերը, ինչը հնարավորություն կտա նախատեսված բարեփոխումներն առավել արդյունավետ դարձնել։

««ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի» աջակցությամբ մշակվող աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի համապարփակ ռազմավարությունը մշակվում է ի կատարումն Կառավարության 2021-2026թթ․ ծրագրի և նպատակ ունի արձագանքելու ոլորտում առկա փոխկապակցված խնդիրներին։ Ռազմավարությանը կհաջորդի ոլորտային առանձին փաստաթղթերի մշակումը, որն արդեն ծրագրային մակարդակում լուծումներ կառաջարկի ռազմավարությամբ բարձրացված խնդիրներին»,- նշել է նախարարը։

Ներկայացնելով ոլորտային ռազմավարական նպատակները՝ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը շեշտել է, որ առաջին անգամ ռազմավարությունը մշակվում է՝ հիմք ընդունելով մարդու կենսացիկլերը՝ կենտրոնանալով երեխաների իրավունքների լիարժեք իրացման, արժանապատիվ աշխատանքի և զբաղվածության խրախուսմանը միտված աշխատանքների, տարեցների սոցիալ-տնտեսական, մտավոր և ֆիզիկական ակտիվությանն ուղղված նպաստավոր պայմանների ստեղծման ուղղությունների վրա։ Նա նաև էական է համարել մասնագիտական բարձր ներուժի, ժամանակակից տեխնոլոգիաների և փաստահենք կառավարման միջոցով աշխատանքի ու սոցիալական պաշտպանության համակարգի նախաձեռնողականության, արդյունավետության, դիմակայունության և արագ արձագանքման կարողության ապահովումը։ 

«Մեզ համար նպատակային է ունենալ մի փաստաթուղթ, որն աշխատանքի և սոցիալական պաշտպանության համակարգը կդարձնի առավելապես գործուն, արդյունավետ և ճկուն։ Ուստի, մասնագիտական թիմի հետ իրականացված աշխատանքի ընթացքում նախ գնահատվել է սոցիալական պաշտպանության համակարգի ներկայիս իրավիճակը, ապա մշակվել առաջնահերթությունները, նպատակներն ու ցուցիչները։ Այժմ ընթանում են միջոցառումների քարտեզագրման և բացերի դուրսբերման աշխատանքներ»,- նշել է Ա․ Ժամակոչյանը։

Քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով․ գործընկեր գերատեսչությունների ներկայացուցիչները հանդես են եկել առաջարկներով՝ ձեռք բերելով հետագա համագործակցության պայմանավորվածություններ։