Կարևորելով երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող օրենսդրական բարեփոխումների գործընթացում պետություն-մասնավոր հատված համագործակցությունն՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ու «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը հուշագիր են կնքել։
Հուշագրի շրջանակում գործընկեր կազմակերպությունը կաջակցի երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող օրենսդրական բարեփոխումների իրականացմանն՝ ուսումնասիրելով և վեր հանելով գործող իրավական ակտերում առկա խնդիրները, առաջարկելով դրանց համար արդյունավետ լուծումներ, կձևավորվեն կողմերի ներկայացուցիչների ընդգրկմամբ աշխատանքային խմբեր՝ իրավական ակտերի նախագծերի մշակման, համատեղ վերլուծությունների իրականացման, մեթոդական ուղեցույցներ մշակելու նպատակով։
Երեխաների պաշտպանության ոլորտում աշխատող պետական կառույցների աշխատակիցների մասնագիտական գիտելիքների վերազինման նպատակով՝ նախատեսվում են անցկացնել վերապատրաստումներ՝ մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության մարմինների, Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների, երեխաների շուրջօրյա և ցերեկային խնամք տրամադրող կազմակերպությունների աշխատակիցների համար։
Օգտագործելով նախարարության և գործընկեր կազմակերպության ներուժը՝ կողմերը համագործակցելու են նաև խնամքի հաստատությունում հայտնվելու ռիսկի տակ գտնվող երեխաների մուտքը շուրջօրյա հաստատություններ կանխարգելելու, ինչպես նաև շուրջօրյա հաստատություններում խնամք ստացող երեխաների ընտանիքների հետ վերամիավորելու և մի շարք այլ ուղղություններով։
Կողմերը պայմանավորվել են կառուցողական և շարունակական համագործակցություն ծավալել ոլորտային փորձագետների կամ փորձագիտական խմբերի աշխատանքների և ներկայացված արդյունքների ինստիտուցիոնալացման շուրջ։