ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ ապրիլի 1-ին տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմով առաջին նիստը: Օրակարգում ներառված էր նախարարության 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտերն (պարտադիր և շարունակական հայեցողական ծախսերի մասով), ինչպես նաև բյուջետային նոր նախաձեռնությունները։
Հաշվի առնելով աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում քաղաքացիական հասարակության, շահագրգիռ կազմակերպությունների և անձանց հետ քննարկումների կարևորությունը՝ նախարարը նշել է, որ այս ձևաչափով անցկացվող հանդիպումը ևս կարող է իր ազդեցությունն ունենալ նախարարության կողմից որոշումների ընդունման, ինչպես նաև բարեփոխումների իրականացման աշխատանքների վրա։
Նարեկ Մկրտչյանը խորհրդի անդամներին ներկայացրել է նախարարության 2023 թվականի համար նախատեսված ծրագրերն ու միջոցառումները, 2023 թվականի նախնական բյուջեի հայտի և 2022 թ. հաստատված բյուջեի տարբերությունը։ Նախարարության գործունեության նոր նախաձեռնությունների, օրենսդրական դաշտի փոփոխությունների, ոլորտային միջոցառումների և ծրագրերի մասին խոսել են նաև նախարարի տեղակալները։ Վերջիններս ներկայացրել են աշխատանքի և զբաղվածության, ժողովրդագրության, հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի, կենսաթոշակային ապահովության, սոցիալական աջակցության և մի շարք այլ ոլորտներում առաջիկայում նախատեսվող ծրագրերը։
Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները։