Տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը

0
157

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի գլխավորությամբ՝ տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող  անձանց  հարցերով զբաղվող ազգային  հանձնաժողովի ընդլայնված նիստը, որին մասնակցել են շահագրգիռ մի շարք գերատեսչությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Նիստի օրակարգն ընդգրկել է զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության սոցիալական ներառման միջոցառումների ծրագրի առաջին եռամսյակում իրականացված աշխատանքների ամփոփումը։ Ներկայացվել և հաստատվել է նաև հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Երևանի քաղաքային հանձնաժողովի գործունեության կարգը:  

Տաթևիկ Ստեփանյանը, ներկայացնելով 2020 թ․ պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին ուղղված նախարարության կողմից իրականացվող ծրագրերն, ընդգծել է վերջիններիս սոցիալական ներառման ապահովման կարևորությունը։

«Զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության սոցիալական ներառման միջոցառումների ծրագրի իրականացման գործընթացում նախարարությունը կարևորում է Երևանում և մարզերում անկախ կյանքի կենտրոնների ստեղծումը։ Միաժամանակ, տարբեր հիմնադրամների և կազմակերպությունների հետ ստորագրված փոխհամագործակցության հուշագրերը նպատակ ունեն նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց մասնագիտական հմտությունների զարգացմանն ու զբաղվածության ապահովմանը»,- նշել է նախարարի տեղակալը։

Նիստի ընթացքում մասնակիցները ներկայացրել են զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության սոցիալական ներառման միջոցառումների ծրագրի առաջին եռամսյակում իրենց կողմից իրականացված աշխատանքների արդյունքները։ Քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով։