«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ են իրականացվել

0
152

«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է Ազգային ժողովի կողմից։

Օրենքով վերանայվում է գործող կարգավորումներով սահմանված ժամանակավոր անաշխատունակության նպաստի իրավունքը տևական հիվանդության դեպքում և այն չի փոխկապակցվում հաշմանդամության խմբի սահմանման կամ խմբի վերանայման հետ։   

Մինչ այժմ տևական հիվանդության դեպքում նպաստը նշանակվում էր առավելագույնը 3 ամսվա համար․ ժամանակավոր անաշխատունակությունն սկսելու օրվանից հետո 80-րդ օրն անձն ուղեգրվում էր բժշկասոցիալական փորձաքննության։ Եթե վարձու աշխատողը հաշմանդամություն ունեցող անձ չէր ճանաչվում, բայց շարունակում էր լինել անաշխատունակ, ապա հիվանդության նպաստ ստանալու իրավունքը կարող էր շարունակվել, բայց ոչ ավելի, քան մինչև 3 ամիս կամ մինչև օրենքով սահմանված կարգով աշխատանքից ազատվելը:

Նոր կարգավորումներով սահմանվում է, որ տևական հիվանդության դեպքում 3 ամսից հետո, անձը ևս 3 ամիս (առավելագույնը) կարող է ունենալ ժամանակավոր անաշխատունակության նպաստի իրավունք, եթե բժշկասոցիալական փորձաքննությամբ թույլատրվի երկարաձգել նրա անաշխատունակության ժամկետն՝ անկախ հաշմանդամության խումբ սահմանելու կամ այն վերանայելու հանգամանքից։