Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր այցելել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղ։ Հիմնադրամի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանի ուղեկցությամբ՝ նախարարը շրջել է կենտրոնում, հյուրընկալվել կազմակերպության խնամքի ներքո գտնվող երեխաներին, շփվել նրանց ու աշխատակիցների հետ։
«ՍՕՍ Մանկական Գյուղեր» ՀԲՀ աշխատակազմը նախարարին ներկայացրել է հիմնադրամի գործունեության, մատուցվող ծառայությունների, ինչպես նաև համատեղ իրականացվող աշխատանքների մասին մի շարք մանրամասներ։ Երեխաների լավագույն շահն ու ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը որպես առաջնահերթություն ընդգծելով՝ վերջիններս քննարկել են ընթացիկ ծրագրերն ու առաջիկա անելիքները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում շարունակել պետության որդեգրած քաղաքականությանը համահունչ աշխատանքները՝ զուգահեռաբար ձեռնարկելով ահրաժեշտ քայլեր՝ ընդլայնելու համագործակցության շրջանակը։
«ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը երեխայակենտրոն կազմակերպություն է, որի առաքելությունն է ապահովել կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների խնամքը՝ ընտանիքին մոտ պայմաններում: Հիմնադրամն իր գործունեությունը ծավալում է երկու ուղղությամբ՝ այլընտրանքային խնամքի ծառայություններ, ինչպես նաև ընտանիքների ամրապնդման ծառայություն՝ սոցիալական ծանր վիճակում գտնվող, անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին։