2022 թ․ հինգ ամսվա ընթացքում 4302 անձի տրամադրվել է 9,883 աջակցող միջոց

0
98

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2022 թվականին շարունակում է պետական հավաստագրի հիման վրա աջակցող միջոցների տրամադրման գործընթացը։

2022 թ․ հինգ ամսվա ընթացքում (01․01- 31․05) 4302 անձի տրամադրվել է 9,883 աջակցող միջոց։

Հիշեցնենք, որ պետական հավաստագիր ստանալու համար հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձինք կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) իրենց բնակության վայրի տարածքային կենտրոն, ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթեր, որոնց հիման վրա կտրամադրվի պետական հավաստագիր և այն կազմակերպությունների ցանկը, որտեղից կարող են ձեռք բերել իրենց անհրաժեշտ աջակցող միջոցը:

Անվասայլակների, քայլակների, հենակների, ձեռնափայտերի, ստորին և վերին վերջույթների պրոթեզների, լսողական սարքերի և այլ աջակցող միջոցների պետական հավաստագիր ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում,
  • անձը հաստատող փաստաթուղթ,
  • սոցիալական ապահովության քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք,
  • ներկայացուցչի դիմելու դեպքում՝ շահառուի  կողմից գրավոր լիազորագիր և ներկայացուցչի անձնագիր:

Հաշմանդամություն ունեցող անձանց դեպքում, նշված փաստաթղթերից բացի, անհրաժեշտ է ներկայացնել նաև բժշկասոցիալական փորձաքննական որոշում (հաշմանդամության վկայական) և վերականգնողական անհատական ծրագիր (տրված հաշմանդամություն սահմանող բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի կողմից):

Լսողական սարքի դեպքում, նշված փաստաթղթերից բացի, անհրաժեշտ է ներկայացնել նաև տեղեկանք քիթ-կոկորդ-ականջաբանի կողմից` ծանրալսողության և լսողական սարքի անհրաժեշտության մասին և աուդիոմետրիա։

Օրթեզների դեպքում, նշված փաստաթղթերից բացի, մինչև 18 տարեկանները պետք է ներկայացնեն նաև մասնագիտացված բժշկական կազմակերպության եզրակացություն (անկախ հաշմանդամություն ունենալուց), իսկ 18 տարեկանից բարձր անձինք՝ Միասնական սոցիալական ծառայության եզրակացություն (հաշմանդամություն ունենալու դեպքում)։

Սոցիալապես անապահով անձանց դեպքում, նշված փաստաթղթերից բացի, անհրաժեշտ է ներկայացնել նաև բժշկի կողմից տրված տեղեկանք աջակցող միջոցի անհրաժեշտության վերաբերյալ, ինչպես նաև անապահովության տեղեկանք:

Պահանջվող փաստաթղթերը քաղաքացին կարող է ուղարկել նաև e-request.am հարթակի միջոցով՝ ընտրելով «Լրացնել դիմում»/«Ֆիզիկական անձ» տարբերակը և կցելով նշված փաստաթղթերի գունավոր լուսապատճենները:

Երաշխիքային ժամկետում գտնվող աջակցող միջոցների տրամադրման հետ կապված վիճահարույց դեպքերի, աջակցող միջոցի վերանորոգման ծառայության և դրա տեսակի, սահմանված ժամկետից շուտ վերանորոգման ծառայություններ տրամադրելու համար շահառուն կարող է դիմել Միասնական սոցիալական ծառայության  ԲՍՓ և աջակցող միջոցներով ապահովման վարչություն (ք․ Երևան, Արմենակյան 129):