ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի Գործերի ժամանակավոր հավատարմատար Վերներ Թութին

0
92

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության Գործերի ժամանակավոր հավատարմատար, Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության տարածաշրջանային գործակալության տնօրենի տեղակալ Վերներ Թութի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է աշխատանքային միգրացիայի ոլորտում համագործակցության, ինչպես նաև կանանց տնտեսական զորեղացմանը, Միասնական սոցիալական ծառայության կատարելագործմանը, սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացմանը, սոցիալական ծառայությունների թվային հարթակների ստեղծմանն առնչվող մի շարք հարցեր։

Կարևորելով հայ-շվեյցարական համագործակցության  ամրապնդմանն ուղղված շարունակական ջանքերի ներդնումը՝ նախարար Նարեկ Մկրտչյանը   շնորհակալություն է հայտնել Հայաստանում Շվեյցարիայի դեսպանությանը և Շվեյցարիայի Համագործակցության գրասենյակին՝ Հայաստանում իրականացվող առանցքային բարեփոխումներին աջակցելու համար։

Ներկայացնելով աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ Նարեկ Մկրտչյանն ընդգծել է Շվեյցարիայի կողմից փորձագիտական աջակցության կարևորությունը՝ տարբեր բնագավառներում արդյունավետ մոդելների մշակման և դրանց շուրջ համատեղ փորձնական ծրագրերի իրականացման համատեքստում։ Այդ փոփոխությունների հիմքում նախարարը շեշտել է կյանքի բոլոր փուլերում մարդկային կապիտալի շարունակական զարգացման միջոցով արժանապատիվ աշխատանքի խթանման սկզբունքը։ 

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նպատակ ունի առավել բարելավել տրամադրվող սոցիալական ծառայությունների որակն ու հասանելիությունը՝ ՏՏ հարթակների և գործիքների կիրառմամբ: Հաշվի առնելով Հայաստանում Շվեյցարիայի Համագործակցության գրասենյակի զգալի ներդրումը Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործում՝ նախարարությունը ուրախ կլինի համագործակցել՝ բոլոր վերոնշյալ ոլորտներում համալիր բարեփոխումներն խթանելու նպատակով»,- նշել է նախարարը։

Վերներ Թութը շնորհակալություն է հայտնել նախարարության կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ համապարփակ տեղեկատվության ներկայացման համար և կարևորել սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության տարբերակների քննարկման հնարավորությունը։ Վերջինս ներկայացրել է իրենց գործունեության վերաբերյալ մի շարք մանրամասներ, խոսել  նախատեսվող ծրագրերի մասին։

Անդրադառնալով Շվեյցարիայի Համագործակցության գրասենյակի կողմից սահմանված առաջնահերթություններին՝ Վ․ Թութն ընդգծել է պետական ինստիտուտների հզորացմանը, երկրների տնտեսական զորեղացմանը, ինչպես նաև մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման կարևորությունը։

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել քննարկել աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում նորարական ծրագրերի մշակման և ներդրման հնարավորությունները: Մասնավորապես՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղել ջանքերը աշխատանքային միգրացիայի և կանանց տնտեսական հզորացմանն ուղղված աշխատանքներում։