Հռոմ կատարած աշխատանքային այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Իտալիայի Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնայի հետ։
Զրույցի առանցքում եղել են 2020 թ․ ռազմական գործողություններից հետո արցախահայությանն ուղղված սոցիալ-տնտեսական միջոցառումները, հետպատերազմական ժամանակահատվածում ստեղծված իրադրությունը։
Նարեկ Մկրտչյանը, մասնավորապես, ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից այդ ուղղությամբ իրականացված աջակցության ծրագրերն՝ առաջնային համարելով վերջիններիս համար արժանապատիվ կենսապայմանների ապահովումը։ Նախարարն ընդգծել է նաև տեղահանված և ժամանակավորապես Հայաստանում բնակվող արցախցիների զբաղվածության ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացման կարևորությունը։
Զրույցի ընթացքում Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց՝ հայրենիք վերադարձի ապահովման գործընթացը՝ շեշտելով միջազգային գործընկերների մասնակցության կարևորությունը։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել համատեղել ջանքերը՝ քննարկված հարցերի ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքների իրականացման համար։