Նախարար Նարեկ Մկրտչյանը ներկա է գտնվել «Ես կարող եմ» համապետական սպորտային փառատոնին

0
83

ՀՀ այլընտրանքային խնամքի հաստատություններում խնամվող և հատուկ դպրոցների ավելի քան 120 սանի մասնակցությամբ՝ այսօր մեկնարկել է «Ես կարող եմ» համապետական սպորտային փառատոնը։ Եռօրյա միջոցառման շրջանակում մասնակիցները մրցակցում են բոչիա, սեղանի թենիս, էստաֆետային խաղեր, մինի ֆուտբոլ, ռաֆտինգ մարզաձևերում։   

Իր ելույթում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդգծելով նմանօրինակ միջոցառումների կարևորությունը՝ բարձր է գնահատել գործընկեր կառույցների պատրաստակամությունն ու հանձնառությունը՝ հաստատություններում խնամվող անձանց առօրյան փոխելու և նոր հետաքրքրություններ նախաձեռնելու գործում։

«Սա ևս մեկ հարթակ է, որը հնարավորություն է տալիս ապահովել  ներառական միջավայր, այլընտրանքային խնամքի հաստատություններում խնամվող անձանց հնարավորություն է տալիս ինքնադրսևորվել, հավատալ սեփական ուժերին, ցույց տալ հնարավորությունները, ինչու ոչ՝ մրցակցության մեջ մտնել։ Խորհրդանշական է, որ Փառատոնի պարգևատրման հանդիսակարգն իրականացնելու են Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից և անվանի, օլիմպիական տիտղոսակիր հայ մարզիկներ՝ տարբեր մարզաձևերից»,- նշել է նախարարը։

Վերջինս շեշտել է նաև ջանքերի համատեղման անհրաժեշտությունը՝ խնամքի հաստատություններում ապրող անձանց առողջ միջավայրի և արժանապատիվ կյանքի ապահովման ուղղությամբ։ Նարեկ Մկրտչյանն ընդգծել է, որ պետության վարած քաղաքականության հիմքում նրանց հասարակական և ստեղծագործական ակտիվության զարգացման սկզբունքի, ինչպես նաև լիարժեք ինքնադրսևորման համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովումն է:

Նախարարը հույս է հայտնել, որ փառատոնը կշարունակի ծառայել իր նպատակին և մասնակիցների շրջանում զարգացնել առողջ մրցակցության ու սեփական ուժերին հավատալու գաղափարը։

Նախագիծն իրականացվում է «ՍՕԱՐ-Հայաստան» բարեգործական հիմնադրամի կողմից՝ մարզիչների, կամավորների, բժիշկ-հոգեբանների և մի շարք այլ կազմակերպությունների ներկայացուցիչների համատեղ ջանքերով։