Վերապատրաստման դասընթացներ՝ երեխաների խնամքի հաստատությունների աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացման նպատակով

0
95

Խնամատարության ինստիտուտի, դրա կազմակերպման գործընթացի վերաբերյալ գիտելիքի և հմտություների զարգացման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող երեխաների խնամքի և պաշտպանության հաստատությունների մասնագետներն անցել են վերապատրաստման երկօրյա դասընթաց։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են երեխաների խնամքի ինստիտուցիոնալ և ոչ ինստիտուցիոնալ տարբերակների առավելություններն ու թերությունները, երեխաների այլընտրանքային խնամքի համակարգում խնամատարության դերի և նշանակության, իրականացվող գործընթացում հաստատությունների դերակատարման ու նրանց կողմից իրականացվող աշխատանքներին առնչվող մի շարք մանրամասներ։ Մասնակիցները ներկայացրել են այդ գործընթացքում ունեցած իրենց փորձն ու գործունեությունը, հաջողված պատմություններն ու խնդիրները։

Ներկայացվել են նաև խնամատար ընտանիքի ինստիտուտի ներդրման, խնամատարության առանցքային սկզբունքներն ու չափանիշները, խնամատար ընտանիքի տեսակները, պետության կողմից տրամադրվող աջակցության չափերը։ Քննարկումների ընթացքում կարևորվել է հաստատությունների աշխատակիցների մասնագիտական կարողությունների դերը՝ երեխաների և պոտենցիալ խնամատար ծնողի հանդիպման գործընթացում՝ նախապատրաստման, հետագա պարտավորությունների և իրավունքների ծանոթացման, ճիշտ մոտեցման և հաղորդակցման ընթացքում։

Վերապատրաստման ընթացքում իրականացվել են նաև խմբային աշխատանքներ։

Դասընթացն իրականացվել է «Ընտանեկան միջավայր և համայնքահեն ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագրի շրջանակում՝ ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամի և գործընկեր միջազգային կազմակերպությունների աջակցությամբ՝  նպատակ ունենալով կրկին շեշտել խնամատար ընտանիքի՝ որպես երեխայի խնամքի այլընտրանքային մոդելի կարևորությունն ու անհրաժեշտությունը։